Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ «Սասնա ծուռ» Հ. Հարությունյանն առանց կարդալու է ստորագրել ոստիկանների գրությունը

Օգոստոս 24,2017 14:15

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպաններից Հայարփի Սարգսյանը կրկին բարձրաձայնեց իր պաշտպանյալի կյանքի եւ առողջության հարցը: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտնեց՝ նախորդ նիստում՝ այն բանից հետո, երբ Հովհաննես Հարությունյանի հանդեպ ուժ կիրառվեց, դատավորին ոստիկանների կողմից ուղարկվեց գրություն Հարությունյանի ստորագրությամբ՝ առ այն, որ իր հանդեպ բռնի ուժ չի կիրառվել:

«Իմ պաշտպանյալը տեղեկացնում է, որ նյարդայնացած է եղել ու չի կարդացել ոստիկանների ներկայացրած այդ գրությունը: Իրականում նա հայտարարում է, որ իր հանդեպ բռնի ուժ է կիրառվել, վիրավոր ոտքը վնասվել է, եւ այժմ ցավեր ունի»,-Հարությունյանի խոսքերը փոխանցեց փաստաբանը, ապա դատավորին հարցրեց՝ չի՞ պատրաստվում այդ առնչությամբ որեւէ գործողություն ձեռնարկել: Արտուշ Գաբրիելյանը, սակայն, ասաց, որ եթե նման խնդիր կա, թող դիմեն՝ համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար:

Պատասխանը Հայարփի Սարգսյանին չբավարարեց, դատավորն էլ ասաց, որ նախազգուշացում է կիրառում: «Դուք թքած ունեք իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության վրա»,-շարունակեց Հայարփի Սարգսյանը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալուն պես հայտարարեց, որ սանկցիա է կիրառում Հայարփի Սարգսյանի հանդեպ՝ նրան պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031