«Համանախագահների հայտարարությունները՝ սկսած 92-ից եղել են բազմաթիվ՝ հարյուրավոր անգամ, որեւէ պարագայում այդ հայտարարությունները չեն պարունակել այնպիսի արտահայտություններ, որոնք առիթ կարող են տալ, որ որեւէ մեկը խուճապի մատնվի: Դրանք այնքան ստանդարտ են եւ համանման, նույնանման, որ չեմ կարծում, որ դրանից որեւէ մեկի լույս աշխարհ գալուն պես մենք պիտի անպայման ենթադրություններ անենք եւ հեռուն գնացող հետեւություններ անենք»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա, Մինսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարությունները անպայման փոխհամաձայնեցված են լինում. «Դրանք միշտ արվում են այն պահին, երբ մեր երկրի ղեկավարը հանդիպում է մեկ այլ համանախագահ երկրի ղեկավար, պաշտոնատար որեւէ անձի հետ: Սա իհարկե հիշեցում է, որ գիտեք ինչ, խնդիրների քննարկման պարագայում մի մոռացեք, որ մենք եւս առկա ենք: Անկախ հայտարարության բովանդակությունից, ես սա համարում եմ դրական, քանզի մեր երկրի ղեկավարը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, արտգործնախարարները արել են մի շարք հայտարարություններ, որոնց կոնտեքստում այս կարգի հայտարարությունները իհարկե իրենց նշանակությունն ունեն, բայց երկրորդական են: ՀՀ նախագահը բազմիցս ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում չունի՝ առանց ԼՂՀ մասնակցության, ցանկացած որոշում անպայման պետք է հաստատվի Արցախի հանրապետության ժողովրդի կողմից: Անվտանգության երաշխիքները հարյուր տոկոսանոց պետք է առկա լինեն: Նույնն ասում է նաեւ Բակո Սահակյանը: Այս հայտարարությունների կոնտեքստում որեւէ մեկը չպետք է խուճապի մատնվի: Հավատացե՛ք, չկա որեւէ լուծում, որ փոխի այսօրվա ստատուս քվոն եւ դրանից հետո իրավիճակը մեր տարածաշրջանում մնա կայուն եւ անվտանգ: Իսկ բոլոր ուժային կենտրոնները, հատկապես՝ Մինսկի համանախագահ երկրների կենտրոնները սա շատ լավ հասկանում են եւ բոլոր նրանց հայտարարությունները ուղղված են ոչ թե պարտադրելու որեւէ կողմին, այլ ֆիքսելու, որ առկա է մի իրավիճակ, լուծումները հնարավոր տարբեր են, սակայն ցանկացած փոփոխություն ստատուս քվոյի հանգեցնելու է անկանխատեսելի հետեւանքներով իրավիճակի: Նման կերպ ենք մենք հասկանում բոլոր հայտարարությունները: Երբ ասում են՝ լայն միջանցք, դրա հետ միասին չեն կարողանում ասել, որ կան հարյուր տոկոսանոց անվտանգության երաշխիքներ: Բոլորի համար անվտանգության այդ թեզն առաջին տեղում է»:
Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Արցախի հանրապետությունը ներկա կարգավիճակով մեր տարածաշրջանում միակ գոյություն ունեցող պետությունն է, որ անվտանգություն արտադրող է, ոչ թե սպառող. «Իր գոյությամբ Արցախը ստեղծում է մի իրավիճակ, որ մեր տարածաշրջանը պահում է անվտանգ: Հիմա ո՞վ կուզենա այդ անվտանգություն կրողին եւ արտադրողին բերել մի իրավիճակի, որ դառնա անվտանգության ոչ թե կրող, այլ սպառող եւ տարածաշրջանում առաջացնի անկայուն մի իրավիճակ: Այնպես որ, այդ հայտարարությանը պետք է վերաբերվել սառը ու հանգիստ: Մի մոռացեք, որ անմիջական մեր հարեւաններից մեկը, որի կարծիքն անհնար է անտեսել՝ Իրանը, վերջերս Ղարաբաղյան խնդրի մասին քանի հայտարարություն արեց: Ես կոչ կանեի, որ որեւէ մեկը չանհանգստանար: ՀՀ նախագահի հանդիպումը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ եւ դրան հաջորդած կամ նախորդած հայտարարությունները որեւէ վտանգ իրենց մեջ չեն պարունակում: Չեմ կարծում, որ մեր ՀՀ նախագահի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով, այն է՝վերջնական որոշում պետք է կայացնի Արցախի ժողովուրդը, փոխվել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ