Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հողատարածքների ոռոգման խնդրին: Ըստ վարչապետի՝ հողային հաշվեկշռի տվյալներով հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար: Բայց, ինչպես վարչապետը նշեց՝ վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում. «Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»:
Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարություններին, ինչպես նաև մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տեղեկատվություն ու տվյալներ՝ ըստ պատկանելության: Վարչապետը Ջրտնտպետկոմի նախագահին էլ հանձնարարեց այդ տեղեկատվությունն ստանալուն պես երկամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն:
Վարչապետը վստահեցրեց. «Մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել, ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք, մենք ունենք հանձնարարություն փոքր ու միջին ջրամբարների կառուցման վերաբերյալ: Այսօր պետք է հստակ Ջրային տնտեսության կոմիտեի առջև ձևակերպել հանձնարարականը, այս հանձնարարականին հսկողություն ենք սահմանում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ