Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին եւ նման իրավախախտումների համար նախազգուշացում պետք է կիրառվի: «Նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ: Սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակալում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում: Միաժամանակ, նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, ինչի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսավարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում: Սակայն ներկայումս նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ»,- ասաց վարչապետը:
Նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ու ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումներ առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսավարողների նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ