«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են ներճակատային և միջճակատային մրցույթները։ Մարզական խաղերը հավաքում անցկացվում են սպորտային ֆեդերացիաների հետ համագործակցաբար. մրցավարներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Իսկ մշակութային մրցույթների ժյուրիների կազմում ներգրավված են տվյալ ոլորտների ճանաչված արվեստագետներ։
Նկարչության մրցույթի ժյուրիի կազմում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։ Նկարչության մրցույթը միջճակատային է։ Ավետիք Ավետիսյանը երրորդ տարին է՝ «Բազե-նկարչություն» մրցույթի ժյուրիի կազմում է։ Խոսելով հավաքում մրցող նկարիչների և նրանց աշխատանքների մասին՝ պարոն Ավետիսյանը նշում է, որ դրանց մակարդակն իրեն գոհացնում է. տրված էր հնարավորություն ստեղծագործել ազատ թեմայով, և նկարիչներին հաջողվեց բացահայտել իրենց ապրումները, հույզերը։ «Հետաքրքիր է, երբ տեսնում ես, որ Ախալքալաքից եկած երեխան, որ բոլորովին կապ չունի գեղանկարչության հետ, եկել և այստեղ նկարում է ու նկարում է բավականին պրոֆեսիոնալ, շատ գովելի է։ Իմ աչքը շոյեց մի քանի աշխատանք։ Իհարկե երեխաները դեռ սովորելու բան ունեն, և այս մրցույթն օգնում է նրանց այդ գործում ու շատ բան է տալիս երիտասարդ արվեստագետներին»,- ասաց պարոն Ավետիսյանը։ Նա նաև կոչ արեց երիտասարդ նկարիչներին շատ կարդալ, դա կօգնի նրանց ավելի խորությամբ ընկալել երևույթները։ Ի դեպ, ժյուրիի անդամները նաև խորհուրդներ են տալիս մասնակիցներին, վարպետության դասեր անցկացնում, ինչը հարստացնում է վերջիններիս գիտելիքները։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքն այս տարի հոբելյանական է. նշվում է 15-ամյակը։ Այն ինտելեկտուալ, մշակութային և սպորտային միջոցառումներով հագեցած երիտասարդական ծրագիր է։
Հատված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի առօրյայից կարող եք դիտել հետևյալ հղմամբ։ Տեսանյութը պատրաստել են նարնջագույն ճակատի մասնակիցները
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն