Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ հայ-թուրքմենական հարաբերությունների մասին

Օգոստոս 24,2017 11:21

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ընդհանուր առմամբ, սա Թուրքմենստանի նախագահների 3-րդ պաշտոնական այցն է Հայաստան: Առաջին անգամ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Հայաստան էր ժամանել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը՝ Թուրքմենբաշը: 2007-ին Նիյազովի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնած Բերդիմուհամեդովը Հայաստան էր ժամանել 2012 թվականին եւ հիմա, փաստորեն, տեղի է ունենում Բերդիմուհամեդովի երկրորդ այցը Երեւան:

Հայաստանի ղեկավարները պարբերաբար պաշտոնական այցերով լինում են Թուրքմենստանում սկսած 1993 թվականից: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Թուրքմենստան է այցելել 93 եւ 97 թվականներին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2000-ին, Սերժ Սարգսյանը՝ 2010-ին եւ 2014-ին:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ մինչ օրս ստորագրված է ավելի քան 70 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2014 թվականի տվյալներով կազմում է շուրջ 26 մլն դոլար:

Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը գործում է 1994 թվականից: Ըստ Վիքիփեդիայի, Թուրքմենստանում բնակվում է մինչեւ 35 հազար հայ:

Թուրքմենստանը հանդիսանում է աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկը: Ըստ Freedom House-ի տվյալների, 5.3 միլիոն բնակչություն ունեցող Թուրքմենստանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին: Մամուլի ազատության ցուցանիշով 2015 թվականի դրությամբ Թուրքմենստանն աշխարհի ամենափակ երկրներից է՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային եւ Ուզբեկստանին: Փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բերդիմուհամեդովը հաղթել էր՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 97 տոկոսը:

Նշենք, որ Թուրքմենստանը բնական գազ արդյունահանող խոշորագույն երկրներից է, գազի պաշարներով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում: Երկրի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրների վաճառքից, իսկ դրանց գների անկումն ունենում է իր բացասական ազդեցությունը: 2016 թվականից դադարեցվել է ռուսական պետական Газпром ընկերության եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունը, որի համաձայն ռուսական կողմը գազ էր գնում Աշխաբադից: Ներկայում Թուրքմենստանն իրացնում է գազը Արեւելքում, սակայն դեպի Չինաստան նոր գազամուղի շինարարությունը շարունակաբար հետաձգվում է:

Ավելացնենք, որ Թուրքմենստանը ԱՊՀ անդամ է, սակայն չի մասնակցում Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին՝ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին:

Թուրքմենստանը նաեւ լուրջ հակասություններ ունի Ադրբեջանի հետ՝ կապված Կասպից ծովում վիճելի հանքավայրերի շահագործման հետ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031