Տավուշի մարզը մշակութային հարուստ ավանդույթներ ունի, մարզի Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում ապրում,արարում են նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ, գրողներ, երաժիշտներ , արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչներ: Գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, հարցնելով, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմում քանի՞ հոգի է զբաղվում մշակութային խնդիրներով, նրանք ունե՞ն մշակույթի որեւէ ոլորտի վերաբերյալ բարձրագույն կրթություն, ստեղծագործո՞ւմ են:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի ուղարկած պատասխանում նշված է. «Տավուշի մարզպետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուն մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանն է, ով մրցութային կարգով այդ պաշտոնն զբաղեցնում է 2007 թ. փետրվարի 19-ից՝ աշխատակազմի ղեկավարի թիվ 49-Ա հրամանով: Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական բարձրագույն կրթությունը եւ արվեստի որևէ բնագավառում ստեղծագործելը պարտադիր պայման չէ, բավական է միայն բարձրագույն կրթության եւ համապատասխան աշխատանքային ստաժի առկայությունը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` տվյալ պաշտոնի անձնագրին համապատասխան: Մարինե Խաչատրյանն իր գործառույթները կատարում է բարեխղճորեն ու պատշաճ մակարդակով, աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պատվոգրերի եւ շնորհակալագրերի ՀՀ մշակույթի, ՀՀ պաշտպանության նախարարների, այլ կազմակերպությունների կողմից»:
Մեր տեղեկություններով՝ Մ. Խաչատրյանը տեխնիկական կրթություն ունի: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի 113 հաստիքից 4-ը վարորդների հաստիք է, մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը մեկ հաստիք, որն արդեն 10 տարի զբաղեցնում է մշակութային կրթություն չունեցող անձ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ