Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա վերջնագիր, առավել ևս պարտադրանք չէ». Դավիթ Բաբայանը` ամերիկացի համանախագահի առաջարկած կարգավորման կետերի հետ

Օգոստոս 24,2017 10:53

«Սա պարզապես առաջարկ է. վերջնագիր, առավել ևս պարտադրանք չէ: Բնական է, որ տարբեր առաջարկների դեպքում պետք է հաշվի առնվեն տարբեր կողմերի մոտեցումները: Այս սցենարն, առհասարակ, հնարավոր չի լինելու իրականացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությանը` այսպես արձագանքեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք`օգոստոսի 23-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը:

Նա մասնավորապես մատնանշեց Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածքի կարգավիճակի,
ԼՂ շուրջ «գրավված» տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին:

Մեր այն դիտարկմանը`այդ մոտեցումներն արտացոլված չէ՞ին նաև մադրիդյան սկզբունքներում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Բոլոր նման մոտեցումներն արտացոլված են եղել տարբեր սկզբունքներում` մադրիդյանում ևս: Որևէ պարտադրանք այդտեղ լինել չի կարող: Նույն Ադրբեջանը ժխտեց այն`բռնի կերպով սանձազերծելով ապրիլյան պատերազմը: Սա արդեն ցույց է տալիս, որ այս տարբերակն ընդունելի չէ: Առավել ևս, մենք էլ ենք ասում, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, որ Ադրբեջանի պես ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ հարաբերվելիս ԼՂ-ն չի կարող ունենալ ԼՂԻՄ սահմաններ, որովհետև դա պարզապես կնշանակի նորից ագրեսորին գայթակղել, որ հարձակվի ու ոչնչացնի մեզ»:

Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ամերիկացի համանախագահի առաջ քաշած կետերը պարզապես առաջարկ է, երբևէ չի կարող լինել որպես վերջնագիր կամ պարտադրանք. «Ներկայացրել է հին սկզբունքներ. դա չի նշանակում, որ կա դրա շուրջ բոլոր կողերի համաձայնությունն, առավել ևս` Արցախն ընդհանրապես չի մասնակցում բանակցությունների այդ մակարդակին: Սրանք այն սկզբունքներն ու մոտեցումներն են, որոնց մասին վաղուց խոսում են: Դա չի նշանակում, որ վերջնագիր է և համաձայնեցված բոլոր կողմերի հետ, և պետք է լինի կարգավորման հիմքը: Նամանավանդ, անորոշություն կա. հստակեցված չէ, թե կողմերն ովքեր են, ինչ է նշանակում կողմերի համաձայնությամբ կարգավիճակ: Ադրբեջանը երբևէ չի համաձայնել անկախ կարգավիճակին և ՀՀ-ի հետ վերամիավորմանը»:

Մեր այն դիտարկմանը` նման հայտարարությունն ի՞նչ կտա բանակցային գործընթացին, մանավանդ, որ ընթանում են ակտիվ հանդիպումներ` Պուտին-Սարգսյան,  նախատեսվում է նաև Ալիև-Սարգսյան հանդիպումը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կապված է այդ հանդիպումների հետ: Չի բացառվում, որ պարզապես համընկնել է կամ այլ խնդիրներ կան: Բայց, շեշտում եմ, սա պարտադրանք չէ, սա վերջնագիր չէ, սա լրիվությամբ համաձայնեցված չէ կողմերի հետ, ավելին, պաշտոնական Ստեփանակերտն ընդհանրապես չի մասնակցում: Սա տեսլական է, և չի նշանակում, որ դա է ու վերջ: Քանի՞ նման փաստաթուղթ է եղել այս 25 տարվա ընթացքում»:

Հարցին` հնարավո՞ր է այդ փաստաթուղթն արդյունք լինել թուրքական և ադրբեջանական քարոզչության, պարոն Բաբայանը վստահեցրեց` եթե Ադրբեջանի համար այդ փաստաթուղթն ընդունելի լիներ, նա վաղուց կընդուներ և պատերազմ երբևէ չէր սանձազերծի. «Նույնիսկ այս անորոշ փաստաթուղթը, որտեղ բազում հարցականներ կան և մեզ համար շատ վիճահարույց հարցեր` մեր ապագայի, անվտանգության, բարոյահոգեբանական խնդիրների հետ կապված, Ադրբեջանի համար ընդունելի չէ»:

Հստակեցմանը` պաշտոնական արձագանք կլինի՞ Արցախի Հանրապետության կողմից, պարոն Բաբայանն արձագանքեց, որ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է որոշվի համազգային ձևով, իսկ ժողովուրդն իր կամքն արտահայտել է. «Ով կուզենա, կհայտարարեի, այնքան գերատեսչություններ կան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031