ՀՀ քաղաքացի Մելիքսեթ Գաբոյանը, որ վերջին մի քանի տարիներին բնակվել է Ռուսաստանում, այս տարվա մայիսի 30-ին արտաքսվել է:
Գաբոյանը պնդում է, որ իր հետ կատարվածը դուրս է օրենքից: Նա արձանագրում է, որ եթե Հայաստանում օրինականություն ու արդարադատություն դժվար է գտնել, ապա Ռուսաստանն այդ առումով գերազանցում է մեր երկրին:
«Ես 9 տարի` 2004 թվականից մինչեւ 2013 թվականը, այստեղ պայքարում էի անօրինության դեմ, ոչ մի արդյունքի չհասա, իրականությունը չկարողացա բացահայտել: Ստիպված գաղթեցի, քանի որ Հայաստանում օրենքը չէր գործում, արդարադատություն չկար: Մաֆիան, պաշտպանում էր մեկը մյուսի շահերը, եւ ես հեռացա իմ հայրենիքից: Բայց Ռուսաստանի դատարանը Հայաստանի դատարանից «բեթար» թքած ուներ օրենքի եւ պետության վրա: Ես ապշեցի: Այնտեղ դատարան չկար»,- նշեց Մելիքսեթ Գաբոյանը:
Ռուսաստանում իր հետ տեղի ունեցածը ներկայացնելով` նա ասաց, որ արտաքսվել է գրանցման կնիքը ոչ վավեր լինելու պատճառաբանությամբ.
«2014 թվականի հունիսին տղայիս հետ գնացինք Ռուսաստան` քաղաք Կրասնոյարսկ: Այդ ժամանակ «պատենտով» էինք գրացվում` 3 ամսով, 6 ամսով, մինչեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկվելը: 2015 թվականից արդեն, աշխատանքային պայմանագրի հիման վրա, մի տարով թույլատրում էին Ռուսաստանում ապրել, աշխատել, արարել»:
«Օգնության համար դիմելու եմ անշահախնդիր մարդկանց: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն կդիմեմ: Թե որոշումը փոխվեց, փոխվեց, թե չէ` նստացույց եմ անելու»,- եզրափակեց Մելիքսեթ Գաբոյանը:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում