Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող մեզ Արմենիա ասեն, դա էական չէ»

Օգոստոս 24,2017 14:30

Սերգո Երիցյանի հակափաստարկները՝ Հրանտ Բագրատյանին

Նախկին վարչապետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ հայոց լեզվի աղքատ լինելու մասին ֆեյսբուքյան գրառումը այս օրերին քննադատությունների եւ թեժ քննարկումների առիթ է դարձել:

Հրանտ Բագրատյանը հստակ ցուցանիշներով ցույց էր տվել, որ մեր լեզուն չի զարգանում. «Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի եւ 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։ Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ինչո՞ւ։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես եւ մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ, վերցնենք բառերի քանակը։ Ըստ իս, այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ասաց. «Ինչ ասում են՝ անկեղծ ասած, զարմանալի է, ասում են՝ առանց հիմքի, առանց ծանրութեթեւ անելու: Մեր լեզուն միշտ էլ զարգացել է, միշտ էլ առաջ է գնացել: Եթե անգամ մեր լեզվին արգելակենք, չթողնենք զարգանա, այն բնականոն հզոր զարգացող համակարգ է, որը միշտ իր հետքերը թողնում է: Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել: Լեզուն մի կողմից ինքնազարգացող, ինքնապաշտպանվող Է, իսկ եթե մենք էլ մեր հերթին նախանձախնդիր լինենք մեր լեզվի նկատմամբ, իսկ մենք այդպիսին ենք, լեզուն կզարգանա»:

Սերգո Երիցյանի փաստարկները հետեւյալն էին. «Համարյա մեր բոլոր ականավոր գործիչները՝ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, նրանք, որոնք ապրել են օտար ափերում, երբ միմյանց հետ հանդիպում էին, սկսում էին հայերենով խոսել, ասում էին՝ տեսեք ինչքան հզոր է մեր լեզուն, որ անգամ, երբ մեր մեջ օտար մարդ կա, չի տիրապետում մեր մայրենիին, մենք էլի սկսում ենք մեր լեզվով խոսել, որովհետեւ մեր լեզուն հզոր է, հարուստ է, մաքուր է»:

Ըստ Սերգո Երիցյանի, մեկը կարող է իր մասնագիտական գրականությունը կիրառելիս օգտվել այս կամ այն լեզվից, բայց դա չի նշանակում, որ մեր մասնագիտական գրականությունը պակաս արդյունավետ կարող է լինել եւ պակաս գրագետ. «Շատ տարիներ առաջ անգամ մտածել են, թե աշխարհում ո՞ր մի լեզուն կարող է կիրառական լինել եւ օգտակար լիներ գիտության համար, առաջարկվել է հայերենը, որ հայերենը դառնա աշխարհի ընդհանուր հաղորդակցման լեզուն: Դա ոչ թե արվել է հենց այնպես, այլ որովհետեւ գիտական եզրութաբանությունը, տերմինաբանությունը հզոր, ընդգրկուն եւ ամբողջական է եղել հայերենում: Մարդիկ տեղյակ են եղել հայերենի հարստության եւ հայերենի նորությունների մասին, եթե անգամ առաջարկությունը չի կիրառվել»:

Հարցին՝ Հրանտ Բագրատյանը փաստեր է ներկայացնում՝ բառարաներում բառերի քանակն է նշում, նաեւ ասում է, որ այն, ինչ հայերենով հնարավոր է ասել մեկ էջով, ռուսերենով նույնն ասում են 0.8 էջով՝ Սերգո Երիցյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի, դա ամեն մի լեզվի քերականական բառապաշարային տարբերությունն է: Կարող է որեւէ լեզու ավելի փոքրածավալ, մեծածավալ լինի, չեմ կարծում, որ դա որեւէ չափանիշ է: Ամեն լեզու իր արտահայտման բառապաշարն ունի, կարող է շատ լինել, քիչ լինել, բայց դա չափանիշ չի կարող լինել: Այստեղ ուրիշ խնդիր կա՝ արդյո՞ք մենք ձեւավորել ենք ժամանակակից բարձրակարգ կիրառական լեզու, այդ լեզուն պետք է զարգացնել: Բառաշինական վանկերի մասին ես խոսել եմ, տարբեր բառարանների, զրուցարանների, բառամթերքի զարգացման մասին: Մենք պետք է աջակցենք, որ զարգանա, եթե լեզվին թողնում ենք ինքն իր հնարավորություններով, իր հզորություններով, ապա դա միշտ չէ, որ կարող է ցանկալի մակարդակ ունենալ: Մենք բազմաթիվ բառարաններ ունենք, որոնք հրատարակվել են 40-50 տարի առաջ: Այդ բառարանները պետք է թարմացնել, համակարգչային տարբերակները պետք է ստեղծել, զարգացնել: Մենք պետք է ունենանք լեզվական քաղաքականության զարգացման ծրագիր»:

Հարցին՝ այն, որ աշխարհի երկրների 80 տոկոսը մեր երկիրը Արմենիա է ասում, սա հիմք չէ՞, որ Հայաստանը դառնա Արմենիա՝ Սերգո Երիցյանը պատասխանեց, որ շատ երկրներ կան, որոնք ունեն իրենց երկրների այլ անվանումներ եւ դրանից ոչինչ չի փոխվում. «Թող մեզ Արմենիա ասեն, դա էական չէ, մենք էլ մեզ Հայաստան կասենք: Արմենիա ասելով՝ կսովորեն նաեւ Հայաստանը, հայ, Հայաստան: Չեմ կարծում, որ Արմենիա ասելը էական է կամ վճռորոշ բան կարող է ավելացնել մեր լեզվական գիտելիքներին կամ մեր աշխարհաճանաչմանը, հայերի հանրահռչակմանը»:
Սերգո Երիցյանն ասաց, որ չգիտի, թե ով ինչ հաշվարկ է անում, բայց վստահ է՝ մեր լեզուն իսկապես հարուստ է: Նա օրինակ բերեց, պատմական դրվագներ պատմեց, թե ինչպես են մեր լեզվով հպարտացել մեծերը, ասելով՝ «ուրիշ ազգերը ասում են՝ ՑպսպՒՏվ, ՑպսպՉՌՊպվՌÿ, ՑպսպրՑցՊՌÿ, մեր լեզվով ուրիշ բառեր են՝ հեռախոս, հեռուստատեսություն, հեռուստասրահ: Շատ լեզուներով պրոբլեմ են ասում, մենք՝ հիմնախնդիր, ուրիշները ֆունկցիա են ասում, մենք՝ գործառույթ գեղեցիկ բառն ունենք»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

23.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031