Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ենոքավանի տները Երեւանի տներից «թանկ» են, բայց բանկը 5 հազար դոլարից ավելի չի գնահատում

Օգոստոս 24,2017 13:30

Մարզերը զարգացնելու ներդրումային ծրագրերն իրականություն դարձնելու համար լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ, որովհետեւ գյուղացիներն իրենց տներով, բանջար-բոստաններով ու այլ ծառայություններով նույնպես պետք է մասնակցություն ունենան գյուղում, համայնքում տուրիզմի զարգացմանը: Այսինքն` միայն ներդրողը չի կարող հյուրանոց կամ հանգստի գոտի կառուցելով զբոսաշրջիկին առնվազն մի քանի օր տվյալ վայրում պահել:

Ենոքավանը Երեւանից հեռու է 150 կիլոմետր, ծովի մակերեւույթից էլ բարձր է 1100 մետր: Ենոքավանի թոռ հանդիսացող Տիգրան Չիբուխչյանը, որը մեծացել է Մոսկվայում, այսօր հայրենի գյուղում մեծ ներդրումներ է անում. գյուղից մի քանի կիլոմետր վերեւ հիմնել է «Յելլ էքստրիմ Պարկը»: Այն տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի էքստրեմալ հանգստի գոտի է: Այստեղ կառուցվում է աշխարհի ամենաերկար զիփլայնը, որի երկարությունը 2770 մետր է լինելու: Սա էլ զբոսաշրջիկներին, հատկապես էքստրեմալ տուրիզմի սիրահարներին հայրենի գյուղ բերելու «խայծ»-երից մեկն է:

Օտար երկրներից ժամանած եւ գյուղում ներդրում կատարած մյուս երիտասարդ տղաները, որոնք եկել են Ֆրանսիայից, ՌԴ-ից, Իրանից, վստահ են` իրենց գյուղում կան բոլոր պայմանները նաեւ էկոտուրիզմի զարգացման համար: Միայն այս տարի Ենոքավանը 15 հազար զբոսաշրջիկ է ընդունել: Այս թիվը Ջերմուկի, որը մի քանի տասնյակ տարի է՝ զբոսաշրջային քաղաք է, զբոսաշրջիկների գրեթե կեսն է կազմում:
Տիգրան Չիբուխչյանը վստահեցնում է, որ եթե իրենց բոլոր նախագծերը կյանքի կոչվեն, ապա տուրիստների թիվը կարճ ժամանակում կհնգապատկվի:


«Առավոտի» հարցին, թե ինչպիսի՞ խոչընդոտների են հանդիպում ներդրումներ անելու ճանապարհին, կառավարությունն արդյոք աջակցո՞ւմ է, պարոն Չիբուխչյանն ասաց, որ այս կառավարության հետ երկխոսության մեջ են եւ որ նրա անդամների հետ աշխատելը «շատ հետաքրքիր» է, այդուհանդերձ, գործարարն ասում է, որ ենթակառուցվածքները` ճանապարհներ, ջրագծեր, կոյուղի ու ավտոկայանատեղի, գյուղում տուրիզմի զարգացման համար դեռ խոչընդոտ են:


Զբոսաշրջիկների թիվը ավելանալուն զուգահեռ՝ Ենոքավանում հյուրատների, հյուրանոցների խնդիրն է արդիական դառնում: Ֆրանսիայում բնակվող գյուղի թոռներից մեկին էլ համոզել են, որ գյուղում ֆրանսիական թաղամաս հիմնադրի, հյուրանոց կառուցի: Այս տարվա սեպտեմբերի վերջին այն պատրաստ կլինի` 17-20 համարներով: 20-ից ավելի աշխատատեղ էլ այս օբյեկտը կապահովի:

«Յելլ էքստրիմ Պարկը»-ից բացի, երիտասարդ գործարարները մտադիր են Ենոքավանում «Էթնո գյուղ» հիմնել: Զբոսաշրջիկներն այստեղ կավից իրեր կպատրաստեն, խալի կգործեն, կհամտեսեն գյուղի բնակիչների ձեռքով աճեցրած ու պատրաստած էկոլոգիապես մաքուր բերքն ու բարիքը:


Ենոքավանը 620 բնակիչ ունի, սակայն զբոսաշրջիկներին սպասարկելու խնդիր կա: Ծառայությունները չեն հասցնի բավարարել բոլորի կարիքները:

Պետական աջակցության վերաբերյալ մեր հարցին՝ Տիգրան Չիբուխչյանն ասում է. «Մենք փորձում ենք պետությանն աջակցել, որ պետությունը զարգանա, դրա համար մենք հարկեր ենք վճարում, բայց մենք այս պահին ռեալ նախագծերի ֆինանսավորման հարց ունենք: Բանկից վարկ վերցնելու համար պետք է ինչ-որ մի բան գրավ դնել: Գյուղացին ունի տուն, որը Երեւանում գնահատում են հինգ հազար դոլար, բայց Ենոքավանի տները, դե ֆակտո, Երեւանի տներից թանկ են, բայց Երեւանի գնահատողը ֆիզիկապես չի հասնում Ենոքավան եւ չի տեսնում՝ այստեղ ինչ է կատարվում: Այսինքն` այն ծրագիրը, որ մենք ունենք մշակած եւ ներկայացրել ենք տուրիստական կենտրոնի բացման ժամանակ, փորձում է այդ բոլոր խնդիրների լուծումը տալ` թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ այսինչ խնդիրները լուծվեն: Մենք այս ընթացքում կառավարության հետ երկխոսության մեջ ենք, կառավարության մի շարք պաշտոնյաներ են այցելել Ենոքավան, մեր ծրագրերով հետաքրքրված են եւ այն քննարկման փուլում է` ինչպես անել, որ պետությունը միանա այս ծրագրին»:

Չիբուխչյանների ընտանիքն արդեն 15 տարի է՝ Ենոքավանում է: Այդ տարիների ընթացքում, ինչպես մեր զրուցակիցն է ասում, դեպի այս գյուղ տուրիստական հոսքերը զրոյից հասցրել են 50 հազար զբոսաշրջիկի: Հիմա էլ մտածում են` ինչպես անել, որ այդ 50 հազարը ոչ թե կրկնապատկվի, այլ` հնգապատկվի:

«Եվ դրանից համայնքը պետք է ոչ թե տուժի, այլ` զարգանա: Այդ ամեն խնդիրների լուծումն ենք փորձում գտնել: Եթե նայենք, թե որն է առաջնահերթ խնդիրը, ապա բոլորն էլ առաջնահերթ են»,-ասաց պարոն Չիբուխչյանը:
Ըստ նրա՝ մասնագիտացված կադրերի պակաս էլ կա եւ որպեսզի տուրիստական գոտու զարգացումը քաղաքակիրթ աշխարհին հարիր ձեւով առաջ գնա, Տիգրան Չիբուխչյանը ստիպված է լինում մայրաքաղաքից էլ կադրեր ներգրավել: Սակայն ի սկզբանե էլ մտքինն այն է եղել, որ տուրիստական գոտում աշխատեն տեղի բնակիչները, որպեսզի Ենոքավան գյուղն ու հարակից բնակավայրերն էլ զարգացում ապրեն:


Գյուղի տղամարդկանցից քիչ թե շատ այս գոտում զբաղմունք ունեն, սակայն կանանց խնդիրն ավելի լուրջ է: Տիգրան Չիբուխչյանն ասում է. «Կանայք չեն աշխատում, որովհետեւ մանկապարտեզը չի գործում, մանկապարտեզն էլ գործի, այնպես չէ, որ կանայք մրցունակ են լինելու, որովհետեւ այս ընթացքում նրանք ո՛չ անգլերեն են սովորել, ո՛չ ռուսերեն: Դպրոցից ու մանկապարտեզից բացի, մենք ունենք նաեւ խնդիր կրթության եւ մասնագիտացման»:

Գործարարի հույսը Իջեւանի եւ Դիլիջանի քոլեջներն են, որոնք միջին մասնագիտությունների, մասնավորապես` տուրիզմի եւ ծառայությունների գծով պրոֆեսիոնալ կադրեր կպատրաստեն, որպեսզի նրանցով համալրվեն գյուղի ծառայությունների համար պահանջվող ու զբոսաշրջային գոտուն անհրաժեշտ աշխատատեղերի պահանջարկը. «Պարկին աշխատողներ են պետք, պետք է սկսենք փոփոխություններ մտցնել ուսման որակի մեջ: Պատրաստ ենք անգամ կրթաթոշակներ տալ: Ահա այս համախառն, ցրված խնդիրները պետք ի մի բերել եւ լուծումներ առաջարկել: Մենք մի քանի ոլորտների լուծումները ոնց որ թե փորձում ենք ծրագրի վերածել, եւ կառավարությունը պատրաստ է մեր ծրագրերը քննարկել ու հասկանալ՝ ինչպես կարող է աջակցել»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

23.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031