Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ բուհերը կշարունակեն գործել

Օգոստոս 24,2017 12:30

Վերջերս «Առավոտը» մտահոգություն հայտնեց ՀՀ-ում բուհ ընդունվողների շեշտակի կրճատման առումով, նշելով, որ եթե 2012 թվականին հանրապետության բուհեր դիմել էին շուրջ 16 200 դիմորդներ, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կրճատվել է երկու անգամ: Վիճակն իրոք մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանի մյուս երկրներում համալսարան դիմողների կրճատման թվի միտում բնավ չի նկատվում: Եվ պատճառը չպետք է որոնել միայն ՀՀ-ում ընթացող ժողովրդագրական զարգացումնների եւ արտագաղթի մեջ: Այստեղ իրենց ազդեցությունն են թողնում նաեւ այլ գործոններ, որոնք կրթական շուկայում նվազեցնում են հայրենական բուհերի գրավչությունը եւ կրճատում ՀՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու շահադրդվածությունը:

Նախ, բոլորիս աչքի առաջ, մեծահարուստների եւ իշխանավորների երեխաների մեծ մասը իրենց թանկարժեք ուսումը կազմակերպում են արտասահմանյան բուհերում՝ ձգտելով ձեռք բերել «բրենդային» դիպլոմներ: Դրան հակառակ, անապահով խավն էլ առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում բարձրագույն կրթության նկատմամբ, սոսկ այն պատճառով, որ պարզապես երաշխիքներ չունի դժվարությամբ հայթայթվող կրթավճարներով բուհն ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատանք գտնելու: Երկու դեպքում էլ, սոցիալապես բեւեռացած մեր հասարակարգում հայրենական բուհերը գրավիչ չեն դառնում հիմնականում հենց այն պատճառով, որ այնտեղ կազմակերպվող կրթությունը հիմնականում թիրախավորված չէ աշխատաշուկային եւ կտրված է այսօրվա իրականությունից:

Պարզապես, բուհական համակարգը զարգանում է շատ ավելի ցածր տեմպերով, քան ՀՀ-ում աշխատաշուկայի ներկայիս պահանջներն են թելադրում: Համալսարաններն առավել շահագրգռված են դիմորդների հավաքագրումով, քան թե աշխատաշուկայի պահանջմունքներին համահունչ` շրջանավարտներ պատրաստելով: Եթե հետեւենք ուսումնական պլաններին եւ առարկայական ծրագրերին, ապա դրանք տարիներ շարունակ փոփոխման չեն ենթարկվում, եւ դրանով իսկ, բուհերը կարծես կտրվում են իրականությունից: Արդյունքում, պատրաստվում են երիտասարդ մասնագետներ, որոնց հմտությունները եւ կարողությունները մրցակցային չեն: Առավել եւս, քիչ չեն դեպքերը, երբ գործատուն բավականին ջանքեր է գործադրում բուհի շրջանավարտների աշխատանքային վերապատրաստումների վրա, լրացնելով ստացած մասնագիտական կրթության բացը:

Այսօր չափազանց կարեւորություն պետք է տալ աշխատաշուկա-բուհ կամրջմանը: Գործատուները համարվելով մատուցվող կրթական ծառայությունների շահառուներ, չպետք է կրավորական կեցվածք ընդունեն բուհում ընթացող գործընթացների հանդեպ: Այս առումով կարեւորում ենք, որ նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեն մասնագիտական կրթական ծրագրերը կազմելիս, շրջանավարտների ավարտական քննությունները կազմակերպելիս, ուսանողների մասնագիտական կարողությունները ատեստավորելիս: Դրանով իսկ, բուհերը արդեն չեն կտրվի իրականությունից եւ կձգտեն հնարավորինս տրամադրել որակյալ կրթական ծառայություններ, որոնց արդյունքում շրջանավարտները ձեռք կբերեն մրցակցային մասնագիտական կարողություններ եւ չեն համալրի գործազուրկների այսօրվա դժգոհ բանակը: Վստահ եմ, որ դիմորդների շարունակաբար կրճատման ֆոնին տեսանելի ապագայում հանրապետությունում գործող մի քանի տասնյակ բուհերից կմնան այն կրթօջախները, որոնք ի վերջո դեմքով կշրջվեն դեպի աշխատաշուկան, պարբերաբար կվերանայեն իրենց գործունեությունը` գործատուների լայն շրջանակ ընդգրկելով ուսումնական ծրագրերում:

 

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

23.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031