Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես արվեստի խենթ եմ»

Օգոստոս 24,2017 13:00

Իրանահայ պարուհի, պարուսույց Արուս Սարգսյան-Ավագյանի ստեղծագործական գործունեությունը մոտենում է կես դարի

«Առավոտի» հետ զրույցներում մեր պարարվեստի ճանաչված դեմքերից հաճախ ենք լսել իրանահայ պարուհի, պարուսույց Արուս Սարգսյան-Ավագյանի (լուսանկարում) անունը: Մեր զրուցակիցները՝ Վանուշ Խանամիրյանից, Արտաշես Կարապետյանից մինչեւ Ժակլին Սարխոշյան ու Կարեն Մատինյան, հիացմունքով են արտահայտվել Թեհրանում շուրջ կես դար ստեղծագործական գործունեություն ծավալած մեր հայրենակցուհու մասին: Նշել են նաեւ, որ հայկական գաղթօջախներում պարարվեստի ոլորտում Արուս Սարգսյան-Ավագյանն առանձնանում է իր աշխատանքային տարիների վաստակով: Պարուհին 20 տարեկանում ելույթ է ունեցել Իրանի թագավորի թագադրության ժամանակ, ընդ որում՝ ամենամեծ՝ Վահդատ դահլիճում, որը կառուցվել է 1946թ., ճարտարապետ Օժեն Ավթանդիլյանի նախագծով: Տիկին Սարգսյան-Ավագյանը մանկավարժական գործունեությունը սկսել է 15 տարեկանից: Մեր զրուցակիցները հատուկ շեշտում էին, թե պարել, դասավանդել պար, այն էլ անցյալ դարի 70-ական թվականներին, Իրանում, իրենց խոսքերով՝ դյուրին բան չէր, մանավանդ որ՝ արգելված էր կանանց ու տղամարդկանց շփումը… Պարուսույցը առաջինն էր Իրանում, որի պարախմբի ելույթների ժամանակ ծածանվել է հայկական եռագույնը, երեւացել Արարատ լեռը: Ի դեպ, Արուս Սարգսյան-Ավագյանը շուրջ 15 տարի անվճար պար է ուսուցանել մարմնամտային խնդիրներ ունեցողների «Ակունք» կենտրոնում: Կրթելով մի քանի սերունդ, այսօր նրա երբեմնի սաներն են արդեն զբաղվում մանկավարժությամբ: 1983 թվականից տիկինը հիմնադրել եւ ղեկավարում է Թեհրանի «Կակաչ» պարախումբը, որի ելույթները ծանոթ են հայաստանցի հանդիսատեսին՝ սկսած 2000 թվականից, հետո արդեն սփյուռքի նախարարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Իմ Հայաստան» միջոցառումներից: Պարախմբի վերջին այցը Հայաստան 2008-ին էր:


Այս օրերին Արուս Սարգսյան-Ավագյանը Երեւանում է, եւ մենք հանդիպեցինք արվեստագետի հետ: Նա նշեց, որ իր այցը Հայաստան այս անգամ առանց պարախմբի է. եկել է պարզապես վայելելու հայոց աշխարհն ու Արցախը:


Էներգիայով լեցուն ու կենսախինդ տիկինը նշեց, որ մինչեւ պարարվեստի գաղտնիքներին ծանոթանալը, սեփական բանաստեղծություններն իր ուսուցչի՝ բանաստեղծ Արամ Գառօնեի միջնորդությամբ հրապարակվում էր «Լուսաբեր» պարբերականում: Իսկ թե ով իրեն ուղղորդեց դեպի պարի աշխարհ, մեր զրուցակիցը նախ նշեց, թե ինքը արվեստի խենթ է, հետո էլ մանրամասնեց. «Հայրս՝ Աշոտ Սարգսյանը, ուսուցիչ էր, դասավանդում էր մաթեմատիկա, հայ գրականություն եւ անգլերեն: Հիանալի տիրապետում էր պարսկերենին, ռուսերենին, ֆրանսերենին: Նա էլ արվեստասեր էր, բայց ամենից շատ կսիրեր պարը: Դեռեւս փոքրուց գրքերի միջոցով ինձ ծանոթացրել է ռուսական բալետի լեգենդների՝ Գալինա Ուլանովայի, Մայա Պլիսեցկայայի, Նատալյա Մակարովայի եւ մյուսների հետ, ավելին՝ հնարավորություն էր ընձեռում, որ ես հանդիսատեսի կարգավիճակում տեսնեմ այդ մեծերին: Օրինակ, Լոնդոնում վայելել եմ «Կարապի լիճը» Նատալյա Մակարովայի մասնակցությամբ… Ուսուցիչս Ելենա Ավետիսյանն էր, որի հիմնած պարարվեստի դպրոցում սկսեցի դասավանդել 15 տարեկանից: Իսկ տիկին Ավետիսյանը ժամանակին ուսանել էր մեծանուն Սրբուհի Լիսիցյանի դասարանում»:


Դիտարկմանը՝ հասկանալի պատճառով Թեհրանում միայն ծնողների աջակցությունն ու կրթություն ստանալը բավական չէր բուռն գործունեություն ծավալելու համար, տիկին Սարգսյան-Ավագյանն ասաց. «Իսկապես, ցավում եմ, բայց դա այդպես եղել է: Բայց ես, կարճ ասեմ՝ հաղթահարեցի բոլոր արգելքները, իսկ դրանք շատ էին… Հետո արդեն ընտանիքս ինձ նեցուկ եղավ, ամուսինս՝ Նիկոլ Ավագյանը, որը նավթարդյունաբերության բարձրաստիճան պաշտոնյա է, զավակներս, դուստրս՝ Արմինեն, որն իբրեւ պարուսույց կրթվել է Երեւանի թատերական ինստիտուտում, որդիս՝ Արեգը, որը եւ պարուսույց է, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ: Իսկ հիմա երեք թոռնիկս են ուսանում ինձ մոտ»: Հավելեց նաեւ, թե տարբեր տարիքային խմբերում ուսանում են ոչ միայն հայկական, այլեւ այլ ազգերի պարեր. «Տարբեր տարիների հրավիրել եմ իսկապես բարձրակարգ մասնագետների՝ Վանուշ Խանամիրյանին, լատինաամերիկյան պարերի մասնագետ Հարություն Թոփալիդիսին, Աննա Կարապետյանն է դասավանդել տարբեր ժողովուրդների պարեր, հայկական եւ դասական պար են ուսուցանել Ժակլին Սարխոշյանն ու Կարեն Մատինյանը եւ այլն: «Կակաչ» պարախումբս ավելի քան 20 տարի է՝ գործում է Հայ ուսումնարաց Չհարմահալ միությանը կից: Ինչ վերաբերում է զուտ հայկական պարերին, դրանց բեմադրությունների համար ընտրում ենք հայկական ամենազուլալ մեղեդիներից մինչեւ հայ կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները»:


Հարցին՝ պարախումբը ելույթներ է ունեցել միայն Հայաստանո՞ւմ, տիկին Սարգսյան-Ավագյանը պատասխանեց. «Հրավերներ ենք ունեցել Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից… Բայց ամեն անգամ դա համընկել է երեխաներիս քննաշրջանի հետ: Իսկ առաջնայինը, բնականաբար, ուսումն է»:


Զրույցի ընթացքում տիկինը խոսելով այսօրվա իրանահայ մշակութային կյանքից, հատկապես գովեստի խոսքեր հղեց Ռուբեն Մ. Պետրոսյանի, Սուրեն Մնացականյանի ղեկավարած թատերախմբին, Ռ. Օհանյանի ղեկավարած «Մաշտոց», Է. Թամրազյանի ղեկավարած «Զվարթնոց» երգչախմբերին, «Ակունք», «Զարթոնք» պարախմբերին, «Ալիք», «Հույս», «Պայման» պարբերականներին, «Արարատ», «Նաիրի», «Սիփան», «Չհարմահալ» միությունների ստեղծագործական խմբերին:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031