Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների միջև ընթանում է ակտիվ երկխոսություն և համագործակցություն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ակտիվորեն պահպանում ենք քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցություն է ընթանում տնտեսության, անվտանգության, ռազմական ոլորտներում, մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասել է Պուտինը:
Իր հերթին Սարգսյանն ասել է, որ վերջին տարիները ակտիվ շրջան էին երկու երկրների միջպետական հարաբերությունների համար:
«Ռազմավարական միութենական հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակի վրա դրված ակտիվ երկխոսությամբ, լայն արտաքին քաղաքական համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բեղուն համագործակցությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը. տարվա առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 23 տոկոս:
Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին Հայաստանում հրդեհմարման աշխատանքներին աջակցելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ