Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական»

Օգոստոս 23,2017 20:44

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը՝ հատկապես  էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով:

ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով:

«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի և Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը,  որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։  Մասնավորապես ներկայացված  են  «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար և  վստահեցրել, որ  հետևողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Զրուցակցները մտքեր են փոխանակել  Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման,  Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել 2017 թվականի նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031