Հայտնել ենք, որ oգոստոսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Դիլիջան քաղաքից ոստիկանություն է զանգահարել Գյումրի քաղաքում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա մի կին եւ հայտնել, որ դիլիջանի 3 տղամարդ փորձել են իրեն բռնաբարել, սակայն ինքը դիմադրել է, դրա համար նրանք իր մարմնի տարբեր հատվածներին հարվածներ են հասցրել:
Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած կինն ազգությամբ հայ է, նա սեռական կապի մեջ է եղել դիլիջանցի նշված տղամարդկանցից մեկի հետ: Կինը մի քանի ամիս Դիլիջանում է գտնվում: Այդ օրը նա կենակցել է իր ծանոթ տղամարդու հետ, վերջինս նրան առաջարկել է իր ընկերոջ հետ էլ սեռական հարաբերություն ունենալ: Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի կինը մերժել է, այդ պատճառով իր ծանոթի ընկերոջից 2 հարված է ստացել:
Իրավապահներից տեղեկացանք, որ դատաբժշկի եզրակացությամբ՝ կնոջ ստացած վնասվածքները թեթեւ են: Թեթեւ մարմնական վնասվածքների դեպքում քրեական գործի հարուցումը մերժվում է, եթե տուժողն իր բողոքը չի պնդում: Հավանական է, որ ՌԴ քաղաքացուհին այդպես էլ կվարվի, չի պնդի բողոքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ