Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խփել ինձ, ուսերիս, մեջքիս…». Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազին

Օգոստոս 23,2017 18:15

ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում հրապարակել է Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ստորեւ ներկայացնում եմ Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ոսկանյանը այժմ թաքնվում է, եւ նրա հարազատները խնդրել են հրապարակել դիմումը։

Հրավիրում եմ նաեւ ՀՀ Ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ առեւերեւույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում։

Դիմումը հրապարակում եմ հիմնականում առանց սխալների ուղղման՝ բնագրին հավատարիմ։

Դիմում

Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սևանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց և ասաց՝ արի հանդիպենք: Ես և նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է զգույշ եղիր, կարող է որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը և ասեց արի հանդիպենք:

Պայմանավորվեցինք հանդիպել Սևանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի ինչ եղար, նա էլ ասեց թե հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սև գույնի մեքենա, որը քեմրի էր կոռոլա, մեջից իջան երկու հոգի, լրիվ սև հագնված և սև դիմակներով, միանգամից հարձակվեցին իմ վրա և հարվածեցին ուսերիս և ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեխմելով ներքև ծնկներիս մոտ, հայհոյանքներով ու վիրավորանքներով:

Ես ասեցի, ախպերներ ջան մի խբեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց ախպերով չխոսաս ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խփել իր նստարանի սպինկին, ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի ինչի համար, ասեցին 5 հատ տրուպ կա վրեդ, ամբողջ ճանապարհին խփում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան հեսա կհասնենք:

Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խփել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձևով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել:

Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պարկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իրա համար ոչ մի բան եմ, ճիշտը պատմի Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008-թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը:

Այս օր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խփել հայհոյել, Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք քամակը, նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի որ ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն:

Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երդվեց իր հոր արևով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ որպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դմակավորները քամակդ տրուբա կմցնեն: Ես հոգեպես ճնշված, չգիտեի թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրելա, դու խի չես ուզում մուռդ հանես։

Նա ասաց, քո հորեղբոր տղան Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին էք կատարել: Ես վախից ասեցի որ Ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի: Այդպես ասացի քանի որ նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուդ էլի տենաս, պիտի Հայկի անունն էլ տաս, որ Հայկը բերդում իրա մումյան դնի:

Ես ել մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերով պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սևանից 2 քննիչ՝ Պետրոսյանը և ոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնցա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է թե չէ:

Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կոմպյուտերով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց ցուցմունքի վերջում ես գրեցի որ ճիշտ է և ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չե, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել:

Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որևէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընթացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց:

Դիմող՝ Ոսկանյան

19.08.2017թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031