Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը համարում է բռնապետական: Կուրցի կարծիքով՝ նման ղեկավարությամբ Թուրքիան չի կարող Եվրամիությանն անդամակցել անդամ 2023թ., գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահ Էրդողանը որոշակիորեն բռնատիրական գծեր է ցուցաբերում: Միանգամայն անընդունելի է այն, թե ինչպես է նա վարվում իր քննադատների, այլախոհների և փոքրամասնությունների հետ»,- ասել է Կուրցը:
Նախարարը (որը նաև ԵԱՀԿ գործող նախագահն է) համոզված է, որ «երկիրը գնալով ավելի շատ է հեռանում Եվրոպայից», և դրա տնտեսական հետևանքները անհաշվելի կլինեն: Նա նշել է, որ անգամ 6 տարի անց, երբ Թուրքիան կտոնի պետության կազմավորման 100-ամյակը, նրա անդամակցությունը Եվրոպային հնարավոր չի լինի: «Անգամ եթե Անկարան ցանկանա ԵՄ-ին միանալ 2023թ., դա տեղի չի ունենա»,- ասել է նա:
Պարբերականը հիշեցնում է, որ Ավստրիան մինչև վերջերս միակ երկիրն էր, որը հանդես էր գալիս Թուրքիայի և ԵՄ-ի միջև անդամակցության բանակցությունները դադարեցնելու օգտին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ