«Սասնա ծռերի» գործով փաստաբան Հայկ Ալումյանն ահազանգում է՝ այս գործով ամբաստանյալների հանդեպ գործադրված խոշտանգումներին ու բռնություններին:
«Իջեցնում են դատարանի ներքեւի խցեր ու շարունակում ծեծել, այնտեղից գոռոցի ձայներ են լսվում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, իր որոշ գործընկերների մասնագիտական աշխատանքն է խոչընդոտվում, մասնավորապես նիստերից առաջ նրանց խուզարկելով, ինչի համար էլ շատ փաստաբաններ նախապատրաստվում են գործադուլի, ինքն անձամբ այլ քայլեր է պատրաստվում անել. «Վերլուծում եմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմելու տարբերակը…Գուցե ոմանց դուր չի գալիս փաստաբանի ինքնուրույնությունը, որ ոչ բոլոր փաստաբաններին է հնարավոր ցուցումներ տալ. փաստաբանների նկատմամբ գրոհն ակնհայտ է, փորձում են փաստաբաններին ճնշել, դնել որոշակի սահմանափակումների մեջ»,- ասում է Հայկ Ալումյանը»:
Ըստ նրա, փաստաբաններին խուզարկելը դարձել է օրինաչափություն, գրեթե բոլոր գործերով նիստերից առաջ խուզարկում են, անունն էլ դրել են զննում. «Ընդորում, դա կատարվում է նվաստացուցիչ ձեւով, փաստաբանների հեղինակությունը կասկածի տակ դնելու ձեւով: Փաստաբանների նկատմամբ մեծ թվով կարգապահական վարույթներ հարուցելու որոշումներ են կայացվում դատարանի որոշմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ