«Այսօր մեր երկրի թիվ մեկ քաղաքացին, ով այսօր պետք է զորահանդես անցկացներ, քաղաքում պետք է չպայթող փուչիկներ լինեին, երեխաները պետք է հանգստանային, անկախությունը շատ կարեւոր իրադարձություն է, այսօր պետք է տոն լիներ, մենք տոնական միջոցառումների պետք է մասնակցեինք: Ո՞նց կարելի է տոներին բացակայել, ես հասկանում եմ, որ աղետների ժամանակ ՀՀ նախագահը միշտ բացակայում է, բայց այսօր տոն է, նա պետք է չբացակայեր»,- այսօր «Հայացք» ակումբում, խոսելով Անկախության հռչակագրի ընդունման մասին՝ ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքերով՝ «Ոչ թե մենք պետք է դուրս գանք ԵՏՄ-ից, այլ ԵՏՄ-ն պետք է հանենք մեզանից, դուրս շպրտենք ԵՏՄ-ին, Ղազախստանից, Բելառուսից դուրս գալու կարիքը չկա, թող իրենք դուրս գան, վռնդենք, ոնց որ վռնդեցինք Սովետական միությանը: Հարկավոր է վռնդել եւ ներգաղթ կլինի, ազատություն կլինի Հայաստանում, սոցիալական ապահովություն կլինի: Մենք կարող ենք լավ ապրել, խանգարում է իմպերիան, թույլ չի տալիս: Մենք ստեղծագործող, աշխատող, տաղանդավոր, ազատասեր եւ անձնազոհ ժողովուրդ ենք…Մենք աբորիգեն ենք նրանց համար, մեզ այդպես են ասում: Մեզ երկրորդ կարգի ժողովուրդ են հայտարարում»:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հակադարձեց՝ «Պետք չի մեր մեղքերը բարդել ուրիշ վրա, ժողովուրդը կարող է կանգնել եւ նրանից հրաժարվել, բայց ժողովուրդը վեր է կենում եւ հեռանում է երկրից, այլ երկրներում հաջողակ է դառնում: Նա, փոխարեն իր հայրենիքը շենացնի, ուրիշի երկիրն է շենացնում»: Ազատ Արշակյանը վիճեց՝ «Բռնապետն է մեղավոր»:
Ըստ Արամ Սարգսյանի, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մեղավոր չեն. «Եթե դուք ենթարկվող եք, այդպես էլ պիտի լինի: Եթե դուք ձեր վրա այսքան դոսյեներ ունեք, բոլորն էլ օգտագործելու են ոնց ուզեն: Անկախությունը հենց այնպես վերացական հասկացություն չի»:
Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անել՝ իրական անկախություն ունենալու համար, ի՞նչ քայլեր եք առաջարկում՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Գործող համակարգից պետք է հրաժարվել: Այն համակարգից այսօրվա, երեկվա իշխանությունների, ինչ իրենք ստեղծել են: 6 մլրդ պետական պարտք եք կուտակել, ցույց տվեք իրական 10 դոլար, որ իրական տնտեսության վրա է դրվել: Չկա այդպիսի բան: Պետք է հեռանկարային հստակ ծրագիր, եթե իշխանությունը չի հրաժարվում լյուբիմչիկների վրա ձեռքը պահելուց ու նրանց հարստացնելուց, պարզ է, որ այս համակարգը չի կարող թույլ տալ զարգանալ: Մականունավորներն են այսօր ձեր ճակատագիրը տնօրինում»:
Հարցրեցինք՝ ո՞նց պետք է հրաժարվել համակարգից, հեղափոխությո՞ւն անել՝ Ազատ Արշակյանը Արամ Սարգսյանի փոխարեն պատասխանեց. «Պետք է հեղափոխություն, իշխանափոխություն, վռնդել, ճիշտ այնպես, ինչպես 96-ին: Ռեսուրս ունենք: Համընդհանուր գործադուլ է պետք: Համընդհանուր քաղաքացիական անհնազանդություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ