«Անկախության հռչակագիրը սկիզբը չի, ՀՀ նոր հարաբերության, վերելքների սկիզբը չի: Բայց հայ ժողովուրդը ստացավ ատեստատ, չի կարելի դա այլեւս ջնջել: Երբ հարցնեն՝ ովքե՞ր են հայերը, պետք է պատասխանեն՝ 95 տոկոսով ազատության կողմնակից ժողովուրդ են, էդ 5 տոկոսը 3.5 մլն-ի մեջ թիվ չի: ՀՀ անկախության հռչակագիրը լուսավոր է, ոգեւորիչ է, մենք կարող ենք դրանով հպարտանալ,- այսօր «Հայացք» ակումբում խոսելով անկախության հռչակագրի ընդունման մասին՝ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ շատ մեծ հույսեր էր կապվում՝ մենք կստանա՞նք ազատություն, կկարողանա՞նք ինքներս մեզ կառավարել, լինել քաղաքակիրթ, ամուր պետություն. «Այն ոգեւորությունը, որ կար ղարաբաղյան շարժման ընթացքում, միասնությունը ժողովրդի, դա շատ ոգեւորեց բոլորին եւ 95 տոկոսը, որոնք ուզում էին անկախություն, բերեց նրան, որ հռչակվեց անկախությունը, բայց չեղավ այն ծրագիրը, որը պետք է լիներ: Այն մարդիկ, որոնք եկան իշխանության, այլ ճանապարհով գնացին: Սկիզբը դրվեց լրիվ հակառակ եւ մենք հայտնվեցինք այն ծանր վիճակում, որն ունենք՝ արտագաղթի պատճառով: Աննորմալ երեւույթ էր՝ անկախ պետությունը դուրս մղեց իր ժողովրդին իր հայրենիքից: Այսինքն, իշխանությունը չօգտագործեց բոլոր հնարավորությունները, որ արդար պայմաններ ստեղծեր երկրում, այդ պայմաններում չէր լինի մեծահարուստ եւ աղքատ: Հռչակագրի սկզբունքները չիրականացվեցին: Մենք ընդամենը թվացյալ կարող ենք համարվել անկախ: Այսօրվա իշխանությունները եւ երեկվա իշխանությունները անկախ չեն, նրանք ընկան ճնշման տակ, որովհետեւ ենթարկվեցին դրսի կամքին՝ դա Համաշխարհային բանկն էր, ԱՄՀ-ն էր, մյուս գերտերություններն էին, անկախությունից բան չմնաց»:
Հայտնի է, որ 1991 թ. օգոստոսի 19-ին տեղի ունեցավ նախկին ԽՍՀՄ պատմության մեջ բացառիկ մի իրադարձություն՝ պետական հեղաշրջման փորձ, որն անվանում են ԳԿՉՊ:
Արամ Սարգսյանը, անդրադառնալով դրան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին մի պատմական դրվագ ներկայացրեց. «91-ի օգոստոսին, երբ Կրյուչկովը փորձում էր նաեւ մեզ վերբովկա անել, մեզ չհաջողվեց, նրանք արեցին ուրիշ բան: Կարող եմ միայն մի բան ասել՝ ամսի 19-ին սկսվեց, 21-ին ավարտվեց, ՀԿԿ-ն որեւէ հայտարարություն չարեց՝ պաշտպանելու ԳԿՉՊ-ին: Այդ օրվա իշխանությունները, գիտեք գլխավորն ով էր, ձեն ու ծպտուն չհանեցին՝ դեմ կանգնելու այդ գործողություններին: Սպասեցին: Ոնց որ ինքն ասեց մեզ՝ «պտի ամեն ինչ անենք, որ պլստանք էս վիճակից»: 3 օր հետո ԳԿՉՊ-ն տապալվեց, առաջին զանգն ինձ եկավ՝ էն կարմիր պապկաները հավաքեք, հիմա դատախազությունից կգան, որ տանեն: Ասեցի՝ ինչի՞ կարմիր պապկաները, տանում եք, ամբողջը տարեք: Որն էին այդ կարմիր պապկաները՝ խիստ գաղտնի այն տվյալներն էին, որոնք կուտակվում էին այն ժամանակվա ԿԳԲ-ի հատկապես նրանց կողմից ներկայացված փաստաթղթերից: …Այնպես որ, ցավում եմ, որ ժողովուրդը շատ բան չիմանալով հավատաց այդ մարդկանց, կարծեց, թե եկել են նրանք, ովքեր ուզում են մեր երկիրը դարձնել դրախտ: Դարձրին մի հատ ինքներդ գիտեք ինչ»:
Մեր հարցին՝ Դուք, խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների մասին, ասացիք, որ ժողովրդին դուրս մղեց հայրենիքից, ընկավ այլ ուժերի՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի ազդեցության տակ, արեւմտյան կառույցներն եք նշում, իսկ ՌԴ-ից այսօրվա կախվածությունը ինչպե՞ս կգնահատեք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ այն պետությունը, որը չի մտել Համաշխարհային բանկի ծրագրի տակ, զարգացել է. «Չկա մի պետություն, որը մտել է այդ ծրագրի տակ, չի դարձել կախյալ եւ չի դարձել այնպիսին, ինչպիսին մենք ենք: Ովքեր չեն մտել՝ հիմա զարգացած պետություններ են՝ Սինգապուրը ձեզ օրինակ: Ինձ մի փորձեք բան անել, թե ես միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին եմ քննադատում, միշտ ասել եմ՝ քանի դեռ այս երեք նախագահների դարաշրջանը չի ավարտվել, Հայաստանը այս իրավիճակից դուրս չի գա: Երեք նախագահներին էլ ասել եմ, երկրորդից էլ հրաժարական եմ տվել, նրա հետ չեմ աշխատել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեզ համար դարձել է մի հատ իկոնա: Իրականում, եթե ներկայացնեինք այն բոլոր մեղքերը, որ նա ունեցել է, նա առաջին հերթին չի կարողացել կառավարել պետությունը: Պատերազմական վիճակում չէր կարող մեկը լավ ապրեր, մյուսը՝ շատ ավելի վատ: Մութ տարիները, մազութի գործը մենք ենք բացահայտել: Երբ որ ՌԴ-ում վաճառեցին, ստացան շուկայական գներից ցածր գնով, վաճառեցին երրորդ կողմից, հաշվետվությունում գրեցին, թե արտադրել են 6 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Դա այն տարիների համար ամբողջ հանրապետության կենցաղն ապահովել էր, իսկ մենք չունեինք էլեկտրաէներգիա անգամ կես ժամ»:
Մեր հարցին՝ մազութի գործը, եթե կար այդպիսի բան, ինչո՞վ ավարտվեց, բա ինչո՞ւ որեւէ մեկը չպատժվեց այս իշխանության օրոք՝ նա պատասխանեց. «Կոծկեցին գնաց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ