Այսօր «Հայացք» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը բանտային իր հուշերը պատմեց, թե ինչպես է իր խոսքերով՝ մի հրաշքի ականատես եղել:
Նա «Անկախության ձոն» բանաստեղծությունից հատված կարդաց.
«Եվ որ վերջապես լուծվի, վերանա Հայկական կոչված հարցն ամոթալի,
Ու շերեփների կարիք չլինի օտարի եփած հարիսաների…»:
Հայրիկյանը պատմեց, որ 1985-ին իր կինը՝ Սուսաննան իրեն այցելության է եկել աքսորավայր. «Խոսակցություններից մեկի ժամանակ ինձ ասաց՝ նոր երգեր, բանաստեղծություններ ունե՞ս գրած: Ասեցի՝ գրի եմ առնում, բայց մեկը կա, որի համար շատ եմ ցավում, կորցրել եմ: Քանի որ կարցերում՝ պատժախցում գրել չէր կարելի, եթե գտնեին, որ ես բան ունեմ գրած, նորից 15 օրով պիտի ավելացնեին, ես արդեն երկու անգամ 15 օրով պատժախցում էի եղել: Այնտեղ 3-րդ օրվանից հետո ուրիշ բան չես կարողանում մտածել, միայն հաց ես մտածում ուտել՝ էն սեւ հացը աշխարհի ամենահամեղ բանն էր թվում: Բայց իրար հետեւից նոր բանաստեղծություններ էին գալիս: Ես գրելու իրավունք չունեի, բայց դատախազին նամակ գրելու իրավունք ունեինք, ես թուղթ ու գրիչ էի ուզում, որ դատախազին նամակ գրեի, բայց դիմումը գրում էի, թղթի կեսը պատռում էի, փակ ծրարով դիմումը տալիս էի, մյուս կեսը մնում էր ինձ մոտ: Հետո որ գտնեին՝ կորած էիր»:
Պարույր Հայրիկյանը պատմեց, որ քնահարթակի տակը մի տեղ է գտել ու գրած բանաստեղծությունները պահել, թաղել այդտեղ: Հետո նրան տեղափոխել են ուրիշ բանտ, թվացել է, թե անհետ կորել են այլեւս դրանք: Սակայն 8 տարի անց աքսորավայրում կնոջ հետ խոսակցության ժամանակ, երբ ասել է, որ բանաստեղծություններիցս մեկը շատ ափսոս էր, բոլոր տողերը վերջանում էին՝ կեցցե ազատ, անկախ Հայաստան, կինն ասել է՝ կարդացել եմ, ծանոթ բանաստեղծություն է, Հայրիկյանն ապշել է. «Ասեցի՝ լսիր, ես դա գրել ու թաղել եմ, դու ո՞նց կարող էիր կարդացած լինել: Մեկ էլ հետը պատմեց մյուս բանաստեղծությունների մասին՝ Տերյանի հետ պատժախցում, Կալանավորը բանտում եւ այլն: Խելագարվում եմ, ինչպե՞ս կարող է լինել, որ բանտում թաղածս բանաստեղծություններին իրենք ծանոթ են: Պարզվում է, բոլորիդ հայտնի Մարկոսյան Ռազմիկին են ինձնից հետո նույն պատժախուց բերել: Մյուս կալանավորները ասում են՝ քեզնից առաջ այդտեղ Պարույրն էր նստած: Ռազմիկն էլ ասում է՝ եթե Պարույրն էր, ուրեմն մի բան թողած կլինի ու սկսում է փորփրել, գտնում է, կարողանում է անցկացնել Սիբիր, ինձնից շուտ է ազատվում ու այդպես հայտնվում է իմ տանը»: Պարույր Հայրիկյանն արտասանեց բանաստեղծություններից մեկը.
«Բանտ, ազատության մայրն ես միշտ եղել
Եվ սիրում է քեզ կալանավորը,
Պատից կախ հարթակին այնպես ջերմ է փարվել
Այդպես մանուկն է գրկում իր մորը:
Բանտ, ազատության մայրն ես միշտ եղել
Եվ սիրում է քեզ կալանավորը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ