Սահմանում տիրող լարվածության և հակառակորդի կողմից ցանկացած պահի սադրանքների դիմելու պայմաններում դիրքապահի պարտականությունների կատարումը, բացի մասնագիտական պատրաստվածությունից, հերոսություն, նվիրում և հայրենասիրական կամք ու պատրաստակամություն են պահանջում յուրաքանչյուրից: Ուժերի գերլարման, անօրինակ սխրագործությունների ու քաջության, իսկ երբեմն էլ` կյանքի գնով է մեր տղաներին հաջողվում շատ հաճախ մարտական գործողություններից ոչնչով չտարբերվող պայմաններում կատարել հայրենիքի պաշտպանի ամենօրյա նվիրական առաքելությունը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում Հրայր Փաշայանը «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում այցելել է պաշտպանության բանակի գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր և զինծառայության ու հայրենասիրությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում լավագույն կողմերով իրենց դրսևորած զինծառայողների հետ։
ՙԴիրքապահի պարտականությունների արժանապատիվ կատարումը հայրենասիրության անմնացորդ դրսևորում է՚
Հենց այսպիսի համոզմունքով է Իշխան Գևորգի Մխիթարյանը կատարում դիրքապահի պարտականությունները: Ծնվել է 1997 թվականին՝ Երևան քաղաքում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է հայ-հունական պետական քոլեջում, որպես խոհարար-տեխնոլոգ: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:
Զինծառայության ընթացքում Իշխանն իրեն դրսևորել է որպես կարգապահ և պատասխանատու զինծառայող՝ վստահված ծառայողական պարտականությունները կատարելով ճիշտ ու ժամանակին: Լինելով բանիմաց ու ընկերասեր, կարճ ժամանակում արժանացել է ինչպես վերադաս հրամանատարության, այնպես էլ ծառայակից ընկերների վստահությունը: Ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում` ստանձնեց դիրքի ավագի պարտականությունները և մեր Հայրենիքի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատվությունը:
ՙԱյսպիսի բարդ ու պատասխանատու առաքելությունն առանց ծառայակից ընկերների ու վերադաս հրամանատարության գործուն աջակցության հնարավոր չէ հավուր պատշաճի կարկառել: Որպես կապող օղակ հանդես գալով նրանց միջև` ես իմ հերթին ամեն ինչ անում եմ և՜ հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները կատարելու, և՜ դիրքապահների խնդիրները լուծելու համար: Իհարկե դրա համար նախ և առաջ պետք է մարդկանց հետ ճիշտ շփվելու ունակություններ ունենալ: Այլապես չհասկացված լինելու հանգամանքը դժվարին խնդիրների առաջ կարող է կանգնեցնել: Չէ՞ որ մարդկային հարաբերությունները բավականին բարդ ու բազմաբովանդակ են՚,- մեզ հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Իշխան Մխիթարյանը` հավելելով, որ անձնակազմի միջև առկա է ընկերական առողջ մթնոլորտ և ցանկացած պահի պատրաստ են օգնել մեկը մյուսին:
Դիրքապահի պարտականությունները կատարելու ընթացքում կրտսեր սերժանտը կարևորում է մարտական հերթապահությանն առնչվող բոլոր հարցերը` հավաստիացնելով, որ այստեղ մանրուքներ չկան: ՙՀայրենիքի պաշտպանի բարդ ու պատասխանատու պարտականությունների կատարման ընթացքում առաջին հերթին պետք է ուշադիր լինել ինչպես դիտարկումներ կատարելիս, այնպես էլ առօրյա ծառայության ընթացքում: Դիտարկումների կատարման ընթացքում չպետք է շեղվել առաջադրված խնդրի իրագործումից, չհրապուրվել ոչնչով, չշեղել ուշադրությունը, որպեսզի կարողանանք ժամանակին նկատել հակառակորդի գործողությունները, զեկուցենք վերադաս հրամանատարությանը և դրան համապատասխան քայլեր իրականացնենք:
Երկրորդ կարևոր հանգամանքը` մասնագիտական ունակություններին տիրապետելն է, որի համար տարաբնույթ պարապմունքներ ենք իրականացնում թե՜ մշտական տեղակայման վայրում, թե՜ դիրքերում: Արդյունքում ունենում ենք իրենց գործին հմտորեն տիրապետող զինծառայողներ, ովքեր գիտակցում են առաջադրված մարտական խնդրի և դիրքապահի պարտականությունների կատարման կարևորությունը:
Խոսելով դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում հայրենասիրական գործոնի դերի մասին, դիրքի ավագն այն որակեց որպես հայրենասիրության գործնական և ամենաբարձր դրսևորում: ՙ18-20 տարեկան տղաները, իրենց երիտասարդ հրամանատարների հետ միասին կանգնած լինելով հակառակորդին դեմ հանդիման, երբեմն նաև կյանքի գնով են պահպանում հայրենիքի սահմանների անառիկությունը: Դրանից բարձր հայրենասիրություն, կարծում եմ գոյություն չունի: Այսինքն, եթե զինծառայողների մեջ հայրենասիրական գաղափարներ խորը չլինեին, իսկ Հայրենիքի հանդեպ սերն անկեղծ, ապա նրանք գիշեր թե ցերեկ, ցրտին թե տապին անձնվիրաբար չէին կատարի այդ առաքելությունը: Դիրքապահի պարտականությունների ստանձնումն արդեն իսկ հայրենասիրություն է: Իսկ դրանց արժանապատիվ կատարումը` հայրենասիրության անմնացորդ դրսևորում: Մենք գիտակցաբար ենք մեր պարտականությունները կատարում, քանի որ դրանից է կախված մեր հարազատների, ընկերների ու ժողովրդի անվտանգությունը»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Իշխան Մխիթարյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն