Ինչ տվեց մեզ անկախությունը: Այսօր այս հարցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ դա ամենակարեւոր բանն է ազգի համար: Իսկ թե ինչ տվեց հռչակագիրը՝ ըստ նրա, փոխեց պետական համակարգում գտնվող մարդկանց մտածելակերպը անկախության գաղափարի նկատմամբ: Դրանից ամիսներ առաջ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում ասում էր, որ իրենք անկախությանը դեմ են, բայց եթե ժողովուրդն ուզի, ինքը կհամակերպվի. «Սովետական միության բոլոր ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ամենապատրաստվածն էր անկախությանը, դա չպետք է պայմանավորել գենետիկ առանձնահատկություններով, ի տարբերություն բոլոր մյուս ժողովուրդների, հայ ժողովուրդը կարողացավ հետեւողական պայքարի արդյունքում ունենալ կայուն անկախական կազմակերպություն»:
Ըստ Հայրիկյանի, երկրաշարժից հետո Հայաստանի համար ամենամեծ հարվածը ՀՀ նախագահներն էին:
Մեր հարցին՝ Ազատ Արշակյանն ասաց, որ այս օրը պետք է տոն լինի, պետք է փուչիկներ լինեն, երեխաները պետք է հանգստանան, բայց այսպես չէ, ի՞նչն է խանգարում, որ այս օրը տոն դառնա՝ նա պատասխանեց. «Այո, եթե մենք ունենք տոներ, սա նույնպես որպես տոն պետք է նշվի, հանրային եւ պետական այրերի գիտակցության մեջ օրինականացրեց անկախություն բառը: Ինչո՞ւ չեն նշում՝ ինչպե՞ս կարող է ստրուկը ստրկատիրոջ դեմ ուղղված որեւէ երեւույթ նշել՝ որպես դրական: Մերոնք հենց խոսում են անկախության մասին, խոսում են արցախյան շարժման մասին: Բայց այնտեղ հայրենիքի պաշտպանության հարցն է»:
Ըստ նրա, իշխանությունները վախենում են անկախության մասին խոսել, որովհետեւ դա կստացվի, որ ընդունում են, որ հայ ժողովրդի մեծագույն թշնամին ՌԴ-ն է, որովհետեւ անկախացանք ումի՞ց՝ Ռուսաստանից:
Ուշագրավ է, որ մամուլի ակումբում, մինչ Հայրիկյանի ժամանելը ասուլիսի էին մասնակցում Ազատ Արշակյանն ու ՀԴԿ նախագահ, կոմկուսի առաջին քարտուղար Արամ Սարգսյանը: Նրանք բանավիճում էին, թե կո՞ղմ եք ազատությանը, անկախությանը, ուրեմն պետք է դուրս գալ ԵՏՄ-ից: Այդ պահին ներս մտավ Հայրիկյանը եւ լսելով անկախություն բառը՝ բղավեց. «Էս ինձնից բացի անկախությունից խոսացող կա՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ