Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 12-ի գործով դատական նիստն է: Փաստաբաններից ոմանք ներկա չեն, քանի որ արձակուրդում են: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դա որպես խոչընդոտ չդիտարկեց: Նիստերի դահլիճ բերված ամբաստանյալների թվում բացակայում են Արայիկ Խանդոյանը եւ Պավել Մանուկյանը: Նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար որոշակի ժամանակով հեռացվել են նիստերից: Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի սանկցիայի ժամկետն էլ այսօրվա նիստում լրացավ, եւ նրան բերեցին նիստերի դահլիճ:
Ամբաստանյալ Կարո Եղնուկյանը եւս հեռացված է՝ ջրի շշի հետ կապված պատմության պատճառով: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց Եղնուկյանը դատարանին անպատասխան դիմումներ է գրել առ այն, որ առողջական խնդիրներ ունի, ուստի կարիք չկա իրեն տեղափոխել դատարանի՝ կալանավորների պահման վայր, քանի որ միեւնույնն է՝ ինքը սանկցիայի է ենթարկված: «Չնայած դրան, նա բերվել է դատարան, ինչը անձի արժանապատվությունը նվաստացնող հանգամանք է: Ոստիկանները նրան իր կամքին հակառակ՝ բռնի ուժով են տեղափոխել, ուժ է գործադրվել: Ուստի այս հիմքով ես ձեզ ինքնաբացարկի միջնորդություն եմ հայտնում»,-դատավորին ասաց Տիգրան Հայրապետյանը:
Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը՝ պնդելով, որ Արտուշ Գաբրիելյանն այս գործով չի կարող անաչառ լինել, դատախազներն էլ միջնորդությունն անհիմն որակեցին:
Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատավորը նշյալ միջնորդության առնչությամբ որոշում կայացնի: Ի դեպ, այսօրվա նիստում առաջին անգամ ներկայացել են մեկ տուժողի իրավահաջորդ եւ 2 տուժող ոստիկաններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ