Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է երրորդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան:
Հանձնաժողովից մենք հետաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քննարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առայժմ Թուրքիայի Հանրապետության կողմից պաշտոնական դիմում չի ստացել: ԵԱՏՄ-ն պատրաստ է երրորդ երկրների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության եւ կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձեւաչափեր»,- ասված է Յուլյա Նազարովայի պատասխանում: Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, այդ բոլոր հնարավորությունները կարող են քննարկվել միայն այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողով կներկայացվի Թուրքիայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների դիմումը:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում