ՀՀ ԱԻ նախարարության փրկարարական շարասյունը բարեհաջող հասել է Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամաս ու տեղակայվել Ծաղվերի բնակավայրի մոտ:
Ստանալով համապատասխան առաջադրանք և իրենց հատկացված տեղամասում իրականացնելով հետախուզություն՝ հայ հրշեջ-փրկարարները ձեռնամուխ են եղել հրդեհաշիջման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
ՀՀ ԱԻՆ