Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես հիշողություն

Օգոստոս 23,2017 10:00

Վերջերս խոսում էի մի նախկին երեւանցու հետ, որը վաղուց արդեն Հայաստանում չի ապրում: Նա ոչ միայն ծագումով երեւանցի էր, այլեւ մեծացել է Աջափնյակում, ինչպես եւ ես: Ավելին՝ հաճախում էր նույն՝ թիվ 122 դպրոցը, ճիշտ է՝ ինձնից մի քանի տարի առաջ: Եթե այդ մարդու հետ ընդհանրապես խոսելու թեմաներ չունենայինք, ապա դա բավարար էր՝ հետաքրքիր զրույց ծավալելու համար: Օրինակ, մենք ֆիլմեր էինք նայում նույն՝ «Արագած» կինոթատրոնում (որտեղ հիմա ավտոմեքենաներ են վաճառում):

Լավ ֆիլմերի՝ ասենք, «Սեւ կակաչի» կամ «Ֆանտոմասի» համար հերթեր էին, եւ ոչ բոլոր ցանկացողներն էին տեղավորվում կինոթատրոնում: Եվ քանի որ մենք՝ հայաստանցիներս, հերթ կանգնել, մեղմ  ասած, չենք սիրում, դրամարկղի մոտ մի հսկայական ամբոխ էր հավաքվում: Բայց դա միայն այն պարագայում, երբ չկար կինոթատրոնի ադմինիստրատորը: Այդ մարդը հաշմանդամ էր՝ նրա ձեռքերը սովորականից կարճ էին, եւ նա միշտ ուսերին բաճկոն էր գցում: Բայց իր ակտիվ շարժումներով եւ գոռգոռոցներով նա շատ արդյունավետ կերպով կարողանում էր բոլորին հերթ կանգնեցնել: «Թումանյանի այգի» կոչվածը կար նաեւ իմ դպրոցական ժամանակ, բավականին անխնամ տարածք էր, որտեղ ընկերներիս հետ գնում էինք ծխելու (ես չէի ծխում): Հիմա այդ այգին լավ խնամված է, եւ ես սիրում եմ «ամառվա սեզոնին» համակարգչով կամ գրքով նստել այգու կոկիկ կտրված գազոնին: Իմ վաղ մանկության տարիներին (1960-ականներին) նույն այգու սկզբի հատվածը գյուղատնտեսական շուկա էր, մեր տանը շատ մոտ: Մի քանի օրվա մթերք գնելու համար անհրաժեշտ էր 10 ռուբլի:

Շատ լավ հիշում եմ, որ ծնողներս միշտ շեշտում էին, որ «հին փողով» դա կլիներ 100 ռուբլի՝ դենոմինացիան Խորհրդային միությունում կատարվել էր 1961 թվականին: Երբ հիշողություններին փորձում են ինչ-որ «քաղաքական» երանգ տալ, ապա անպայման բացականչում են` «վախ, ինչ լավ էր էն վախտ» կամ, ավելի հազվադեպ,  «ինչ վատ էր»: Սովորաբար մարդիկ հակված են համեմատություններ անել ներկայի հետ եւ գալ եզրակացության, թե առաջ լավ էր, քան այսօր` «կյանքն ուրախ էր, երջանիկ էր, մարդիկ բարի էին, նամուս կար, մեծերին հարգել կար, իսկ հիմա….»: Բայց ես աշխատում եմ որեւէ պիտակ չկպցնել ո՛չ անցյալին, ո՛չ էլ ներկային: Գնահատողական դատողությունները թողնում եմ «քաղաքականացված զանգվածին», իսկ ես պարզապես ուզում եմ եղածը հիշեցնել նրանց, ովքեր այն ժամանակ ապրում էին եւ պատմել այն մարդկանց, որոնք ծնվել են ավելի ուշ: Ինչի՞ համար է պետք այդ ամենը պատմել: Որպեսզի պահպանվի մեր մշակույթը` այդ բառի լայն իմաստով: Որպեսզի ես, իմ երեխաները կամ թոռները չմտածեն, որ ամեն ինչ սկսվել է իրենցից:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Հաշվում, հաշվում եմ`բայց չի ստացվում: Ձեզնից մի քանի դասարան բարձր ու շուտ գնացած: Արգենտինայում ոսկերիչ հո չի?

  2. Ruben says:

    Այն քաղաքը, որը ես գիտեի՝ այլեւս չկա: Այն ժամանակ քաղաքում հայերը մեծամասնություն էին կազմում: Այժմ քաղաքի բնակիչների հիմնական զանգվածը ներմուծված, հայի անվան տակ ծպտված բոլշեւիկներ են՝ իրենց «մշակույթով», ապրաելակերպով ու կենսական պահանջներով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031