ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:
Քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում և կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, և թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրի»,- ասել է Աշոտ Մանուկյանը։
Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։ Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք կարող ենք խոսել առաջընթացի և հաջորդող քայլերի մասին»,- ասել է Բանկի տարածաշրջանային տնօրենը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ծրագրերի իրականացման ընթացքին,
ժամկետներին և ըստ փուլերի դրանց իրականացման հնարավորություններին:
Օլաֆ Զիմելկան պատրատակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ