Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ`միայն լոլիկի համար

Օգոստոս 22,2017 19:55
hovhannes igityan

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը համարում է, որ Թուրքիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին խոսակցությունները իրատեսական չեն: Անդրադառնալով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը եւ դրա շուրջ ծավալվող խոսակցություններին, Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան երբեւէ չի հրաժարվի աշխարհի, հատկապես ԵՄ-ի հետ առեւտրատնտեսական ոլորտում իր արտոնություններից, իր երկրում տարբեր ներդրումներից` հանուն մի միավորման, որն ունի ընդամենը 180 միլիոնանոց չկանոնակարգված շուկա եւ անվճարունակ քաղաքացիներ: Իսկ առանց այդ արտոնություններից հրաժարվելու անհնար է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելը. «Միայն լոլիկի համար, որը ռուսական շուկա մուտքի խնդիր ունի, Թուրքիան չի գնա այդ քայլին»:

Մեր զրուցակիցը նաեւ հիշեցնում է, որ 2013-ին հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումից եւ Մաքսային միությանն անդամակցելով`Հայաստանն անդառնալիորեն կորցրեց ԵՄ-ից արտոնություններ ստանալու հնարավորությունները:

Հովհաննես Իգիթյանը չի ցանկանում անդրադառնալ այս խոսակցությունների տնտեսական բաղադրիչին, քանզի տնտեսական մաս չի տեսնում այս ամենում: Թուրքիայից հնչող այդ հայտարարությունները նա համարում է բացառապես քաղաքական բնույթի: Բայց արձանագրում է, որ թուրքական ապրանքները լուրջ մրցակից կարող են լինեն ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքին:

«Պարզ է, դա ԵՄ-ին կամ որեւէ այլ երկրի, սրանով Թուրքիան ինչ-որ բան է ուզում ասել: ՌԴ-ին ձեռնտու է, որ Թուրքիան նման քայլ անի: Այդպիսով ցույց կտա, որ իր ստեղծած միավորումը առաջ է գնում, ընդլայնվում է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ անկախ ամեն ինչից, այդ թվում նաեւ ԵԱՏՄ անդամ լինել-չլինելուց, իր շահերից ելնելով, ՌԴ-ն միշտ էլ կարող է խնդիրներ ստեղծել այլ պետությունների ապրանքների մուտքի համար: Նա օրինակ է բերում հայկական, բելառուսական եւ ղազախական նման փորձը`սանիտարահիգիենիկ չափանիշներին չհամապատասխանելու պատրվակով:

Այնուհանդերձ, ինչո՞վ կավարտվեն այս խոսակցությունները: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ լավագույն դեպքում այս ամենը կավարտվի առանձին ոլորտներում համաձայնություն-համագործակցություններով, բայց Թուրքիան ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ չի դառնա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031