Ըստ ուռոլոգ Գևորգ Գրիգորյանի՝ հայերը կարծրատիպեր ունեն պահպանակ օգտագործելու հարցում:
«Բայց նման մտածելակերպը հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք բավականին լուրջ խնդիրներ՝ կապված չբուժված կամ ժամանակին չբուժված սեռավարակների հետ, և ունենում ենք բավականին մեծ բարդություններ, ընդհուպ՝ մինչև տղամարդու անպտղություն, սուր թարախային պրոցեսները շագանակագեղձում կամ ամորձիում, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտությունը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Գեւորգ Գրիգորյանը՝ նկատելով, որ ամառային ամիսներին կուրորտային վայրերում հանգստից հետո սեռավարակների աճը շատանում է, թեեւ այդ խնդրի վերաբերյալ չկա վիճակագրություն:
«Չկա վիճակագրություն, թե այս սեզոնին որ սեռավարակներն են տարածված, բայց համաշխարհային մասշտաբով խլամիդիան է տարածված»,-հավելեց ուռոլոգը:
Թեեւ կանանց որոշ գինեկոլոգիական խնդիրների դեպքում արեւայրուքն ու ծովը հակացուցված են, տղամարդկանց վրա, ըստ պարոն Գեւորգյանի, ամառն ինչ-որ չափով ավելի բարենպաստ է անդրադառնում. «Որովհետև մենք ունենում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելի ինտենսիվ ներգործություն, ինչը նպաստում է վիտամին D-ի արտադրմանն օրգանիզմում, ինչն իր իսկ դերով մասնակցում է տղամարդկային հորմոնի՝ տեստոստերոնի նյութափոխանակության մեջ, և տեղի է ունենում տղամարդու ավելի ակտիվացում, տղամարդկանց ավելի առույգ, ուժեղ լինելը, և այլն»:
Ինչ վերաբերում է լողավազաններից կամ շոգեբաղնիքներից վարակներ ձեռք բերելուն՝ ուռոլոգն ասաց՝իր պրակտիկայում գրեթե չի հանդիպել վարակ ձեռք բերելու դեպքի. «Իմ պրակտիկայում ես դեռևս չեմ հանդիպել անձի, որը վարակվել է լողավազանից, սպիտակեղենից կամ շոգեբաղնիքից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ