Գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը խորհուրդ է տալիս զգուշանալ արեւայրուքից, քանի որ որոշ մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթները հակացուցված են։
Այսօր «Զարկերակ» ակումբում մասնագետը հորդորեց՝ ցանկացած գինեկոլոգիական հիվանդության դեպքում ծով մեկնելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
Ըստ նրա՝ արեւի ճառագայթները կնոջ օրգանիզմում ակտիվացնում են էստրոգենների սինթեզը, բարձրանում է նաեւ զգայունությունը էստրոգենների նկատմամբ, hետեւաբար, եթե կինը կաթնագեղձերի կամ ձվարանների հետ կապված խնդիրներ ունի՝ կիստաներ, բարորակ եւ չարորակ գոյակցություններ կամ արգանդի խոռոչի հետ կապված խնդիրներ, ապա նրան խորհուրդ է տրվում խուսափել արեւի ճառագայթներից, քանի որ դրանց պատճառով առկա խնդիրները կարող են սրվել. «Կարելի է նշել, որ ցանկացած կին, որն ունի արդեն որևէ խնդիր, պետք է զգուշանա արևի անմիջական ճառագայթներից և արևայրուքից, որովհետև դա կարող է լինել պրովոկացիոն այս պարագայում: Ցանկացած բորբոքային պրոցես, եթե երկարատև ընթացք է ունենում օրգանիզմում, կարող է սրվել՝ արևի ուղիղ ճառագայթների տակ և ծովում լինելու պարագայում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ