Մեղրիի զորամասերից մեկում օգոստոսի 20-ին սպանված հայտնաբերված 26 ամյա կապիտանը սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ սպանված երիտասարդը՝ Անդրանիկ Մկրտչյանը, որը ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն է գործել, Ապարանից էր:
Դեպքից մեկ օր առաջ՝ օգոստոսի 19-ին՝ շաբաթ օրը, Անդրանիկ Մկրտչյանը Ապարանում էր, ըստ քաղաքապետի. «Դասարանցիների հետ գնացել էր Սեւան քեֆի: Նորմալ տրամադրությամբ հետ էր եկել, հաջորդ օրը առավոտյան գնացել ծառայության վայր, ու այդ դեպքը պատահել է: Թե հիմա ինչ է եղել, տեղյակ չեմ: Գիտեմ՝ լավ սպա էր, լավ հետախույզ էր, հետախուզական վաշտի հրամանատար էր, Թալիշում կռվել է, մեդալով պարգեւատրվել, նորմալ ընտանիքի զավակ էր: Նա պատրաստվում էր ամուսնանալ, սիրած աղջիկ ուներ»:
Ըստ քաղաքապետի՝ մահացած երիտասարդի հարազատների համար դեպքը խիստ անհասկանալի է:
Հիշեցնենք, որ նախնական վարկածի համաձայն՝ կապիտանն ինքնասպանություն է գործել. նա մտել է իր աշխատասենյակ, որտեղ մենակ է եղել, եւ կրակել ինքն իր վրա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ