Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վերջերս հանդես է եկել առաջարկությամբ. սկսել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու գործընթաց:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի հասարակության մոտ թարմ է դեռ այն նստվածքը, որը մնաց ռուս պաշտոնյաների պատասխանից այն հարցին, թե ինչո՞ւ ԵՏՄ անդամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական իրավունքները չեն ճանաչվում Ռուսաստանում, մինչդեռ Բելառուսի եւ Ղրղըզստանի դեպքում որեւէ խնդիր չի առաջանում: Մեզ՝ հայերիս, տրվեց պատասխան, որ դրա պատճառն այն է, որ Հայաստանը որպես «պաշտոնական լեզու» չի ճանաչել ռուսերենն՝ ի տարբերություն Բելառուսի եւ Ղրղըզստանի. «կճանաչեք՝ կգաք»:
Հայաստանի հասարակությունը, պաշտոնական Երեւանը եւ քաղաքական դաշտը ժամանակին եւ ադեկվատ պատասխանը տվեցին, թե ինչ են մտածում սույն հերթական անպարկեշտ առաջարկության մասին, այդ թվում՝ ռուսական հարուստ բանահյուսության լայն գործածմամբ, եւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ մամուլը հաղորդեց, որ իբր այդ հարցը «կքննարկվի եւ լուծում կգտնվի»:
Պատգամավոր Մարուքյանի հայտարարությունը եւ Մոսկվայի վարորդա-լեզվական կամակորությունները, կարծես թե, հասարակական ընկալումներում շաղկապվեցին, եւ ստեղծվեց տպավորություն, որ առաջինը բխեց երկրորդից: Հետեւաբար, ստացվում է, որ եթե, ասենք, Մոսկվան Հայաստանին «հարգի» եւ դնի Բելառուսի եւ Ղրղըզստանի հետ նույն հարթության վրա՝ ապա Մարուքյանի առաջարկությունը կկորցնի իր սրությունը եւ ակտուալությունը: Իհարկե, հարցն ավելի հեռուն է գնում, եւ պայմանավորված է ավելի հիմնավոր պատճառներով, սակայն, եթե հասարակությանը պարզ չեղավ, թե որքան հեռու եւ ի՞նչ պատճառներով, ապա իրոք որ կստացվի, թե հարցադրումը հենց վարորդական իրավունքներով էլ պայմանավորված է եւ ոչ ավելին: Մանավանդ, այնպես ստացվեց, որ ներկայիս Ազգային ժողով ընտրվելիս «Ելք» դաշինքն այդպես էլ որեւէ հստակ բան չասաց, կապված ոչ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության հեռանկարների, ոչ էլ ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս սպառնալի վիճակի հետ:
Հետեւաբար, միանգամայն օրինաչափական հարց կարող է առաջանալ. սա ընդամենը հնչեղ կարգախո՞ս է, թե՞ հստակ ուրվագծվող քաղաքական կուրս: Եթե միայն կարգախոս է, ապա դժվար թե պարոն Մարուքյանը եւ նրա կուսակիցները չպատկերացնեն, որ այն հռչակելուց հետո օրեր անց կվերածվի լուցկու վառված չոփի եւ կմատնվի մոռացության, ինչպես նաեւ՝ կարող է հընթացս «վառել» այն ամբողջ քաղաքական կապիտալը, որը ֆիքսվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ուստի, այդ տարբերակը հաստատապես կարելի է մի կողմ դնել որպես անհավանական, եթե առաջնորդվենք ռացիոնալ կատեգորիաներով: Իսկ եթե սա քաղաքական կուրսի մեկնարկ է, ապա պետք է խոստովանել, որ այն դեռ շատ հեռու է բանաձեւված լինելուց, քանզի մի քանի կարեւոր տարրեր մնում են չձեւավորված եւ չձեւակերպված:
Միանգամայն ռացիոնալ է, թե ինչու Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից. այնտեղ չկա ոչ Եվրոպա, ոչ Ասիա, ոչ տնտեսություն, ոչ էլ միություն, դրան գումարած՝ աննախադեպ պատժամիջոցներ, որի «տակ մտնելն» ինքնին ինքնասպանություն է: Այդ ԵՏՄ-ում լուծվում են միայն «լոլիկ-վարունգ-կոնյակի» հարցեր, ինչպես խոստովանում են ՀՀԿ-ում, իսկ մնացած հարցերը ոչ միայն չեն լուծվում, այլեւ այդ ԵՏՄ-ին անդամակցելով, Հայաստանը զրկվել է համաշխարհային տնտեսության այլ նշանակալի սուբյեկտների հետ ազատ առեւտրի ռեժիմ հաստատելու հնարավորությունից եւ իրավունքից: Իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, որը պետք է, ըստ ամենայնի, ստորագրվի Բրյուսելում նոյեմբերին, եթե նոր «մոսկովյան ֆորս-մաժորներ» հանկարծ տեղի չունենան, չի ենթադրում ազատ առեւտրի ռեժիմ Հայաստանի հետ, քանզի «դա հակասում է մեր՝ ԵՏՄ-ում ստանձնած պարտավորություններին»: Չնայած այդ ամենին, այդ համաձայնագրի ստորագրումը Երեւանի՝ ընթացիկ տարվա ամենակարեւոր, ռազմավարական նշանակության քայլն է, եւ դեռ պարզ չէ, թե Մոսկվան այս ուղղությամբ ինչ նոր կամակորություններ է հրամցնելու մինչեւ նոյեմբեր:
Հակառակ դրան, օրինակ, Վրաստանը ազատ առեւտրի համաձայնագրեր ունի ԵՄ հետ, ԱՊՀ երկրների հետ, Ազատ առեւտրի Եվրոպական ասոցիացիայի հետ, որը ներառում է Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան, ինչպես նաեւ՝ Չինաստանի հետ, շատ ցածր մաքսատուրքեր են կիրառում Վրաստանի հետ առեւտրում ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Կանադան: Բացի դրանից, ազատ առեւտրի ռեժիմ է կիրառվում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ առեւտրում (Հայաստանի պարագայուն թե ինչպես է կիրառվում՝ դրա վկայությունն են տավուշցիների ցույցերը Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու վրա, երբ մարդկանց հայկական մաքսավորներն ուզում էին «համոզել» մաքսատուրք վճարել Վրաստանում գնած մի-քանի ձմերուկների համար, ինչ է թե՝ «ԵՏՄ նոր կանոնների պահանջն է»…):
Ուկրաինան նույնպես առաջ է գնացել այդ իմաստով, կնքելով 16 ազատ առեւտրի պայմանագիր աշխարհի 45 երկրների հետ, այդ թվում, բացի ԵՄ-ից՝ Կանադայի, ԵՄ անդամ առայժմ չհանդիսացող Բալկանյան մի շարք պետությունների հետ, հասցնելով արտահանման ծավալը միայն ԵՄ շուկա 8.2 միլիարդ ԱՄՆ դոլարի (դա ընդամենը 2017-ի առաջին կեսի տվյալներն են):
Իսկ Հայաստանն, ինչպես պարզվում է, Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման, Մեղրու ազատ առեւտրի գոտին լիարժեքորեն գործարկելու համար «սպասում է», թե Ռուսաստանը ե՞րբ կբարեհաճի թույլատրել-արտոնել ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի ռեժիմ (եթե նույնիսկ պայմանականորեն համարենք, որ Իրանն անվարան կհամաձայնի դրան):
Բազմիցս է արդեն ասվել, որ Գազպրոմին եւ Ռոսնեֆտին տրված բացառիկ իրավունքներն են միակ խոչընդոտը, որպեսզի Հայաստանն իր հնարավորություններն օգտագործի իրանական գազը դեպի Վրաստան տարանցում ապահովելու համար, իրանական, նաեւ արաբական նավթամթերքների շուկայից օգտվելու համար:
Իսկ գուցե ԵՏՄ-ում մնալով հնարավո՞ր է այդ ամենն անել, եւ իրոք, ԵՏՄ-ն այնքան լավ եւ ազատ կառույց է, որը չի խոչընդոտում Հայաստանին այլոց հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանել, եւ ոչ ոք տեղյակ չէ՞ դրա մասին: Ինչպես մեզ փորձում են համոզել պետական տարբեր պաշտոնյաները, ԵՏՄ-ն «չի խոչընդոտում, որ մենք զարգացնենք մեր հարաբերությունները…», եւ բազմակետի փոխարեն կարող եք նշել ցանկացած սուբյեկտի՝ ահա սա՛ են մեզ ասում մեր բարձրաստիճան պաշտոնյաները:
Կյանքը ցույց է տալիս, որ այս ամենը կապ չունի իրականության հետ: Իսկ տրամաբանությունը հուշում է, որ ԵՏՄ-ից եթե հենց վաղը դուրս գանք եւ սահմանափակվենք դրանով եւ այլ անելիք չտեսնելով՝ ոչինչ էլ չի փոխվի, ավելին՝ կհայտնվենք ուղղակի անիմաստ «ձեղնահարկի» կարգավիճակում: Դրան գումարած՝ չլուծված անվտանգության եւ չկարգավորված հակամարտության խնդիրը, որը սերտորեն եւ օրգանապես շաղկապված է արտաքին եւ արտաքին տնտեսական քաղաքականության հետ:
Հետեւաբար, անհրաժեշտ քաղաքական քայլերի այս ահռելի համալիրը, ներառելով իր մեջ նաեւ ԵՏՄ-ի հարցը, շատ ավելի լայն է եւ խորը, եւ չի սահմանափակվում միայն տնտեսական բաղադրիչով: Դրա իրականացումը պահանջում է պետական, իշխանական լիազորություններ եւ լծակներ, եւ իհարկե՝ տեղեկացված քաղաքացիների լայն զանգվածների աջակցություն: Առայժմ, ինչպես տեսնում ենք, դրանցից, մեծ հաշվով, չկա եւ ոչ մեկը: Չնայած դրան, Իրանի, Չինաստանի, նույն ինքը` Եվրամիության հետ հարաբերություններում պաշտոնական Երեւանը կարեւոր եւ որոշակի քայլեր է ձեռնարկել տնտեսական հարթությունում, բացի դրանից, կառավարության մի քանի պաշտոնյաներ հայտարարում են, որ ՌԴ դեմ պատժամիջոցների ազդեցությունից խուսափելու նպատակով «շուկաները դիվերսիֆիկացվելու են»: Իսկ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռումինիայում եւ Վրաստանում մասնակցելով՝ շատ կարեւոր քայլ արվեց նաեւ անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման հարթությունում: Այս միտումը շատ կարեւոր է պահպանել եւ հասցնել իր տրամաբանական եւ իրավաբանական ավարտին, ինչը, բնականաբար, դեռ հեռու է այդպիսին լինելուց եւ այդ ճանապարհին մեծ դժվարություններ եւ փորձություններ են սպասվում, որի հաղթահարումը պահանջելու է պետության եւ հասարակության ուժերի եւ ինտելեկտի գերլարում:
«Ելք»-ում հայտարարում են, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցում դաշինքում ռազմավարական տարաձայնություններ չկան: Դա դրական ֆոն է, անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որպեսզի պարզ դառնա, թե արդյո՞ք «Ելք» դաշինքը պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը ձեւավորելու եւ ձեւակերպելու խնդիրների այս ողջ համալիրն իրականություն դարձնելու հասարակական պատվերը, ստիպելով իշխանությանը փոփոխվող իրողություններին համարժեք քայլերով սպասարկել պետության եւ հասարակության շահը:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
22.07.2017
փաստ չի որ ինչքան շատ ազատ առետուր էդքան լավ
ազատ նշանակումա նաեվ դու ես շումադ բացում իսկ ասենք վրացի արտադրողը պատրաստա մրցակցի եվրոպացի կամ չինացի արտադրողի հետ ?
Ի դեպ 2012ի առաջին կիսամյակում ուկրաինան 8.1միլիարդի ապրանքա արտահանել եմ ընդանուր արտահանումը 30միլիարդից ավել 2017ի առաջին կեսում 20միլիարդ
այսինքն 5տարում ուկրաինան կորցրելա ռուսական շուկան դիմացը ոչ մի բան չի ստացել
Ի
Ու տենց հեգնանքով որ ասում են կոնյակ լոլիկ կարելիա կԱրծել թե եվրաասոցածված վրաստանն ու մոլդովան համակարգիչներ ու հրթիռներ են արտահանում ոչ թե գինի ու ուրիշներից գնած օգտագործած մեքենա