Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փող. – Իսակովի պողոտա նորակառույց ճանապարհահատվածում տեղի է ունեցել «Մարզական ամառ» հերթական առաջնությունը, որի ժամանակ հանդիսատեսներն ականատես են եղել հեծանվասպորտի, մոտոկրոսի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:
Առաջինը ներկաներին իրենց հմտություններն են ցուցադրել շուրջ 30 հեծանվորդներ, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիրներ և միջազգային մրցաշարերի մասնակիցներ: Միջոցառման երկրորդ հատվածում ապշեցուցիչ հնարքներով հանդիսատեսներին անմոռանալի տպավորություններ են փոխանցել մոտոցիկլիստները, իսկ երրորդ հատվածը նվիրված էր մեքենասերներին: Այս տարի առաջնությանը մասնակցել են 3 դասի սպորտային մեքենաներ:
Նշենք, որ «Մարզական ամառ» առաջնությունը կազմակերպվում է հաշվի առնելով վերջին տարիներին էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության մեծացումը:
Բոլոր մարզաձևերի լավագույն երեքական մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դիպլոմներով: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է ռիթմիկ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն