«Խոսրովի անտառ» արգելոցում դեռ կան տարածքներ, որտեղ հրդեհի վերջնական մարման աշխատանքներ են կատարվում, ուստի վնասների մասին խոսելու համար դեռ ժամանակ է պետք: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց աշխարհագրագետ, հողագետ Աշոտ Խոյեցյանը: Նա ընդգծեց՝ հրդեհի դեմն առնելու գործում ԱԻՆ-ն այլ կառույցների օգնությամբ արեց հնարավորը, սակայն մեզանում էկոլոգիական աղետների դիմակայման լուրջ խնդիր կա. «Մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, իսկ պատասխանատվությունն այդ հարցում պատկան կառույցներինն է»:
Փորձագետը նշեց՝ որոշ պաշտոնյաներ պնդում էին, որ արգելոցի հատուկ պահպանվող տարածքների մոտ չկան անհրաժեշտ կոմունիկացիաներ, որոնք կօգնեին արագ եւ արդյունավետ պայքարել աղետի դեմ. «Բայց ես եղել եմ շատ երկրներում, որտեղ անկախ աղետի բնույթից՝ պահպանվող տարածքներն ունեն կոմունիկացիաներ, մինչդեռ մեր պարագայում անգամ ռելիեֆի մասին պատկերացում չունեին»:
Աշոտ Խոյեցյանի համոզմամբ՝ հրդեհի հասցրած վնասների մասին մասնագիտական պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգ կատարելու դեպքում. «3000 հեկտար է այրվել, որի 10 տոկոսը՝ գիհուտներ: Գիհիների արիալային ոչնչացումը վերականգնման խնդիրներ է առաջացնելու: Հենց գիհու վերականգման խնդիրն է առաջնայինը, որովհետեւ կաղնուտներն այդքան չեն վնասվել: Բուժիչ դեղաբույսերը եւս խիստ վնասվել են: Թե որքանով կվերականգնվի էկոհամակարգն ամբողջությամբ, դժվար է ասել: Կասկածում եմ, որ առանց ոռոգման՝ այդ տարածքները հնարավոր կլինի կվերականգնել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ