Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի Համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքների մասին օգոստոսի 18-ին կայացած խորհրդակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախագահը հանձնարարել է քննարկումներ նախաձեռնել «շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ»:
Մինչ այս առցանց մամուլում հրապարակված մի քանի հրապարակումներում հեղինակները փորձում են հասկանալ նոր մարմին ստեղծելու որոշման շարժառիթները՝ քաղաքական ինտրիգներ փնտրելով:
Իրականում, «Համահայկական խորհուրդ» անունով մարմնի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Պարզ է, որ այն կարող է լինել միայն խորհրդակցական բնույթի ինչ-որ մարմին, որը հավանաբար կգործի հաջորդ նախագահին կից, որպես Սփյուռքի հիմնական կազմակերպությունների եւ առանձին առաջնորդների հետ երկխոսության միասնական հարթակ:
Մինչեւ Հայաստանի եւ Սփյուռքի փորձագիտական միտքը սկսի գնահատել այս նոր նախաձեռնության թեր եւ դեմ կողմերը, նկատենք, որ համազգային բնույթի խորհրդակցական մարմին ստեղծելու գաղափարը առաջացել է անկախության նորագույն փուլին զուգահեռ: 1990-ականների կեսերին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգադրությամբ եղան առաջին փորձերը համազգային համակարգող մարմին ստեղծելու ուղղությամբ, սակայն արդյունք չտվեցին տարբեր ներքին քաղաքական խնդիրների պատճառով: Թեման փորձ արվեց նոր ձեւաչափով քննարկման դնել 1999 թվականի սեպտեմբերին կայացած Հայաստան-Սփյուռք 1-ին խորհրդաժողովում, սակայն կրկին չհաջողվեց միավորել հնչած գաղափարները մեկ նախաձեռնության մեջ:
Հաջորդ տասնամյակի ընթացքում համազգային խորհուրդ ստեղծելու առաջարկներ եղել են միայն տարբեր մեծանուն սփյուռքահայերի անհատական նախաձեռնությունների շրջանակներում, սակայն կրկին ի մի չեն բերվել: Գոյություն ունեցող համահայկական կառույցները եւ ավանդական կուսակցությունները նման գաղափարներին հիմնականում թերահավատորեն են վերաբերվել:
Իրավիճակը սկսեց փոխվել 2013 թվականից, երբ Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում ստեղծվեցին համայնքային համակարգող խորհուրդներ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման շրջանակներում, որոնք կենտրոնացել էին պետական հանձնաժողովի հովանու ներքո: Բայց 2015թ ապրիլից հետո, երբ սեպտեմբերին Երեւանում կայացավ պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ներկաներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ նախորդ երկու տարիներին մեկ օրակարգի շուրջ համատեղ աշխատանքի փորձը կարող է կրկին մարել: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, հանձնաժողովականները քննարկել եւ միաձայն ընդունել էին Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք սկսելու մասին որոշում՝ ստեղծելով կազմակերպչական հանձնախումբ:
Սեպտեմբերի վերջին նախաձեռնված այդ աշխատանքները կրկին չպսակվեցին հաջողությամբ, քանի որ Հայաստանում արդեն սկսվել էր Սահմանադրական հանրաքվեի քարոզչական փուլը, հաջորդ տարի՝ 2016-ի ապրիլին տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը, իսկ դրանից շատ չանցած սկսվեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո ընդհանուր օրակարգ ձեւավորելու դժվարությունների մասին քննարկումները հօդս ցնդեցին Քառօրյա պատերազմի օրերին, երբ բոլորին ակնհայտ դարձավ, որ տարիներ ի վեր զինվող Ադրբեջանն ունակ է իրական եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել եւ որ հայրենիքն իրականում վտանգի մեջ է:
Մյուս կողմից՝ ներկայումս Սփյուռքը, եւ հատկապես համահայկական կառույցները հայտնվել են կարեւոր ջրբաժանի առջեւ: Հայտնի համայնքային գործիչներն այլեւս պետք է ջահը փոխանցեն ավելի երիտասարդներին, բայց երիտասարդներին համայնքային կյանք գրավելու բանալին դեռ գտնված չէ: Բարեգործականի, Դաշնակցության փորձերը դեռ սաղմնային վիճակում են:
Պարզ է, որ Հայաստանի առջեւ Սփյուռքը չունի եւ չի կարող ունենալ միակողմանի պարտավորություններ: Գլենդելում ապրող նոր սփյուռքահայը, ով առանձնապես չի էլ դարձել ամերիկացի, բայց նաեւ հայկական իրականության մեջ միայն ֆեյսբուքյան վիրտուալ ներկայություն ունի, հայաստանյան լրահոսում իրեն պարփակել է միայն բացասական նորություններով, որպեսզի հոգեբանորեն արդարացնի արտագաղթը: Երբ Հայաստանում ստեղծվի ժողովրդավար, ուժեղ ու կազմակերպված երկիր, մեր հայրենակիցները կլցվեն հպարտությամբ եւ չեն վարանի հայրենիքի հետ իրենց ասոցացնելուց մտածել նաեւ պետության դիրքերից, ոչ միայն ընտանեկան կապերի: Իսրայելական սփյուռքի եւ բազմաթիվ մարդկանց հայրենադարձության գաղտնիքը հենց այդտեղ է: Այդտեղ է նաեւ գործուն Համահայկական խորուրդ ունենալու գաղտնիքը:
Հայաստանը օբյեկտիվորեն այժմ գտնվում է մեծ քաղաքական փոփոխությունների նախաշեմին: Նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան ձեւավորվելու է նոր քաղաքական համակարգ, որը մասնակցության նոր ձեւեր եւ հնարավորություններ է ստեղծելու հասարակության համար: Վերափոխման կարիք ունի նաեւ պետական բյուրոկրատական համակարգը, որը անխուսափելիորեն պետք է թարմացվի:
Այսպիսով թվում է, որ ներկայումս ինքնըստինքյան ձեւավորվել է մի քաղաքական միջավայր, երբ համազգային մարմնի ձեւավորման աշխատանքները պատմական հնարավորություն ունեն պսակվելու հաջողությամբ: Քաղաքագետների, մտավորականների, համայնքային գործիչների եւ երիտասարդ առաջնորդների խնդիրն է այժմ լցնել այդ գաղափարը բովանդակությամբ, քննադատությամբ եւ առանց պաթոսի գործնական առաջարկներով:
Հակառակ դեպքում՝ հայրենիքից նեղացած մարդիկ կրկին կգրավեն թե՛ լրահոսը, թե՛ մեր մտքերը: Սա այն դեպքն է, որ հասարակական ներգրավվածությունը կարող է գաղափարը փրկել եւ ուղղորդել կառուցողական դաշտ:
Ա. ՄԱՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
22.07.2017