Արմեն Գրիգորյանը դարձյալ Ազգային օպերային թատրոնում է, այս անգամ որպես բալետային խմբի ղեկավար
Վերջերս «Առավոտը» (19.07.2017թ.) «Գրիգորյան բալետային ընտանիքի հայրն էլ է կարծում, թե մի օր կվերադառնան» հոդվածում ներկայացրել էր հարցազրույց ճանաչված բալետմայստեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ արվեստագետը հավաստիացրել էր, թե չի կարծում, որ դրսում ստեղծագործող որեւէ հայ արտիստ չցանկանա վերադառնալ: Նշենք նաեւ, որ հարցին՝ երբեւէ կտեսնե՞նք Գրիգորյանների բալետային ընտանիքին վերջնականապես Հայաստան վերադարձած, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը, պատասխանել էր, որ Երեւան այս այցի ժամանակ նախապատրաստական աշխատանքներ է տանում Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի եւ արտասահմանյան թատրոնների առաջատար մենապարողների մասնակցությամբ 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Մալայզիայում ներկայացնելու Չայկովսկու «Շչելկունչիկ», «Կարապի լիճ», Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետները՝ «խտացրած» տարբերակով, ինչի առիթով հանդիպել է թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ: Եվ, փաստորեն, Օրբելյանի հետ հանդիպման օրն էլ ճակատագրական է դարձել Արմեն Գրիգորյանի համար. մաեստրոն նրան «տեսել» է բալետային խմբի ղեկավարի դերում:
Ընդ որում, 1997-ից իր գործընկերների՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի եւ Ֆելիքս Գրիգորյանի հետ Արմեն Գրիգորյանը ղեկավարել է թատրոնի բալետային խումբը, իսկ 2004-07թթ. հանդիսացել է թատրոնի գլխավոր բալետմայստեր:
Իսրայելում, Կանադայում եւ այլ երկրներում գործունեություն ծավալած բալետմայստերի վերջին աշխատավայրը Ռուսաստանի Դոնի Ռոստովի օպերային թատրոնն էր, որտեղ նա գլխավոր բալետմայստերն էր:
Բոլոր ոլորտներում, այս դեպքում՝ մշակութային, յուրաքանչյուր կադրային փոփոխություն ըստ էության ենթադրում է զարգացման միտում: Ընդ որում, դա որքան հուզում է մասնագիտական դաշտին, այնքան քիչ է հետաքրքրում հանդիսատեսին: Վերջինս մշտապես ակնկալում է բարձրակարգ, բարձրարվեստ բեմադրություններ եւ իհարկե՝ նորություններ: Մեզ հետ զրույցում համաձայն լինելով այս դիտարկմանը, պարոն Գրիգորյանն ասաց, որ նախ՝ ակադեմիական թատրոնում անհրաժեշտություն է համարում դասական խաղացանկը, ինչն առաջնահերթ կրթում է ոչ միայն արտիստներին, այլեւ հանդիսատեսին, հետո էլ մանրամասնեց. «Մեծ ցանկություն ունեմ մեր թատրոնում տեսնել Չայկովսկու «Կարապի լիճը», «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհին» բալետները, Ադանի «Կորսարը», որը գրոտեսկային է, բայց այն հեղինակավոր թատրոնների խաղացանկում է որպես դասական ստեղծագործություն: Կուզեի անպայման տեսնել նաեւ Էդգար Հովհաննիսյանի «Անտունին», Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկը» եւ այլն: Գիտեմ, որ ձեզ հետաքրքրում են ծրագրերս, բայց այս պահին չեմ կարող մեկ առ մեկ թվարկել բոլորը: Միայն նշեմ, որ մտքումս «պտտվում» է մանկական ներկայացում՝ ըստ հայկական երաժշտության ու կոմպոզիտորական արվեստի հավաքական մեղեդիների: Գերնպատակս է, որ բեմադրությունները երկար կյանք ունենան»: Ի դեպ, գրիգորյանական խորեոգրաֆիայով Բիզե-Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն» սյուիտը 1998-ից առայսօր մեր օպերային թատրոնի խաղացանկում է:
Հարցին՝ երկար ժամանակահատված լինելով հայրենիքից հեռու, հետեւե՞լ եք մեր օպերային թատրոնի անցուդարձին, Արմեն Գրիգորյանը այս պատասխանը հնչեցրեց. «Երեւան այս այցիս նախօրեին տեղեկացա, որ առաջին անգամ հայաստանյան մշակութային կյանքում աշնանը կկայանա Վերդիի Ռեքվիեմի բեմադրությունը, որը կիրականացնի իտալացի ճանաչված ռեժիսոր Պաոլո Միչիկեն, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների, դիրիժորն է Կոնստանտին Օրբելյանը: Ռեքվիեմների ու մեծակտավ ստեղծագործությունների բեմականացումը վաղուց օրինաչափ է արեւմտյան բեմերում: Սա արդեն խոսուն փաստ է թատրոնի առաջընթացի մասին…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
22.07.2017