Երևանի քաղաքապետ
Պ-ն Տ.Ա. Մարգարյանին
Մեծարգո պ-ն Մարգարյան,
Այս նամակով Հայաստանի և Արցախի «Պատրիդա» հունական համայնքը Ձեզ է դիմում Ֆիրդուսու փողոցի օրինակով Երևանի փողոցներից մեկը «Իլիական» և « Ոդիսական» հռչակավոր դյուցազնավեպերի հեղինակ, հույն առասպելական բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով: Երևանում Հոմերոսի անվան փողոցը համաշխարհային քաղաքակրթության ընկալման մեր ձգտման ևս մեկ ապացույց կլինի: Աշխարհում միայն երեք բանաստեղծ համամարդկային նշանակության գլուխգործոց ստեղծող են ճանաչվել: Դրանք Հոմերոսը, Նարեկացին ու Ֆիրդուսին են: Այսօր աշխարհում չեն դադարում վեճերը, թե նրանցից ով է առաջինը մարդկային հանճարի գագաթին: Նարեկացին ու Ֆիրդուսին հասակակիցներ էին, նույն ժամանակաշրջանի ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին Նարեկացուն սրբացրել է, դասել է Եկեղեցու ուսուցիչների շարքը, նրան արձան կանգնեցրել: Մեծ բանաստեղծի անունը հայտնի է տասնյակ երկրներում, որտեղ երկու միլիարդից ավել մարդ է ապրում: Ֆիրդուսու արձաններ կամ նրա անվան փողոցներ, ամենայն հավանականությամբ, միայն պարսկախոս երկրներում կան: Բայց չէ՜ որ Նարեկացու անունն էլ նախկինում քչերը գիտեին: Երկար տարիներ Նարեկացու անվան փողոց նույնիսկ Երևանում չկար:
Մենք առաջարկում ենք լրացնել այդ փառավոր եռյակը, Երևանում Նարեկացու և Ֆիրդուսու փողոցների հետ ունենալով նաև Հոմերոսի փողոց, որ համապատասխանելու է մեր ազգային աշխարհահայացքին: Հետևելով քրիստոնեական «Մեծարի՜ր՝ և կմեծարվե՜ս» ուսմունքին, մենք գովերգում ենք մարդկային հանճարի արարածը: Հանճարների ոգին գովերգելով՝ մենք գովերգում ենք մեզ և մեր ապագա սերունդներին:
Պարոն Մարգարյան,
Հոմերոսի դյուցազնավեպերն ուսումնասիրում են աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Նրա ստեղծագործություններով աշխարհի բոլոր ծայրերում բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել:
Դիմելով Ձեզ Հայաստանի և Արցախի հունական համայնքի անունից, ես առաջարկում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներից մեկը վերանվանել Հոմերոսի անունով: Այդ անվանումը դառնալու է հայ և հույն ժողովրդների բարեկամական կապերի, դեպի վեհն ու ազնիվը մեր ձգտումների ևս մի ապացույց:
Ընդունեք հարգանքներիս հավաստիքը
«Պատրիդայի» նախագահ Էդ. Պոլադով (Պոլատիդիս)