Երեկ Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթները։ Բրեյն ռինգ խաղում անցկացվել են ներճակատային մրցույթները։ Նարնջագույն ճակատում առաջին հորիզոնականը գրավել է լրագրողների ջոկատը։
Լրագրողական ջոկատի ղեկավար Արմինե Գևորգյանը նշեց, որ իրենց ջոկատում ունեն շատ լավ գիտակ՝ «Ամենախելացին» հեռուստախաղի խմբագիր Հարություն Արզումանյանը, ով խաղը կարծես վերցրել էր իր ուսերին և նաև նրա շնորհիվ կարողացան հաղթանակ գրանցել։
Բրեյն ռինգ խաղը վարում էր Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը։ Հարություն Արզումանյանը նկատեց, որ հարցերի փաթեթը հաջող էր ընտրված, դրանք միջին մակարդակի էին։ «Նրբություններ ունեցող մի քանի հարց կար։ Որոշներին պատասխանեցինք, որոշներին՝ ոչ։ Ընդհանուր առմամբ խաղը նորմալ եմ գնահատում։ Պատրաստվում ենք միջճակատային խաղին։ Այս փուլում հնարավոր է՝ հարցերն ավելի բարդ լինեն։ Հաղթանակի հնարավորություն իհարկե կա, ուժեղ են նաև մյուս ճակատները, բայց պայքարելու ենք նաև մինչև վերջ»։
Հարություն Արզումանյանը նկատեց նաև, որ նման ինտելեկտուալ խաղերում մեծ դեր ունի փորձը։ Որքան էլ կարդացած, խելացի լինես, առանց փորձի հնարավոր չէ լուրջ արդյունքներ գրանցել։
Արմինե Գևորգյանը նշեց, որ Հարությունի հետ շատ հետաքրքիր է աշխատելը. «Ես նախորդ տարիներին նույնպես մասնակցել եմ այս մրցույթին։ Գործընկերս շատ ճիշտ նկատեց՝ փորձառությունը կարևոր է։ Երրորդ հարցից հետո հասկացանք խաղի տրամաբանությունը։ Շատ հետաքրքիր հարցեր կային, մասնավորապես, Մոնթեի մասին հարցը, որի մեջ կար հենց պատասխանը՝ մարդ, ով նահանջի թուրքին ենթարկեց։ Առաջին անգամ լսելով հարցը, մտածեցի՝ շարահյուսական սխալ կա։ Բայց երբ բառերի առաջին տառերը առանձնացնում ենք, ստանում ենք պատասխանը` Մոնթե»։
Նշենք, որ այսօր երեկոյան «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հանդիպում են ունենալու «Բազե» հավաքի կազմավորման ակունքներում կանգնած անձանց, առաջին սերնդի բազեականների հետ։ Ներկա կլինեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Շարմ» ընկերության ղեկավար Կարեն Ղազարյանը, «Բազե» հավաքի նախկին տնօրեններ Արթուր Սողոմոնյանը, Սամվել Մերթարջյանը, հավաքի նախկին լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը և այլք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն