Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատականը կտան իրավապահները. Տարոն Մարգարյանը` «Սանիտեկի» աշխատակցի մասնակցությամբ` մահով ավարտված ծեծկռտուքի մասին

Օգոստոս 22,2017 10:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ձեռնպահ է մնում Երևանի Չարբախ թաղամասում «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների ու բնակիչների միջև վիճաբանության, մահով ավարտված ծեծկռտուքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնել:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությունից հետո Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը հարցին`բնակիչների բողոքին ի պատասխան «Սանիտեկի» աշխատակիցները նրանց հետ հաշվեհարդար են տեսնում, կանչում ծեծում, սպանում, ավելին մամուլում լուրեր էլ տարածվեցին, որ տվյալ տարածքի սեփականատերը փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն է և վարձակալության հիմունքներով այդ տարածքը տվել է «Սանիտեկին», հետևաբար ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք, որ «Սանիտեկը» մեզ համար միջազգային կազմակերպություն է և միջազգային ներդրում, որը մրցույթի արդյունքում շահող է եղել Երևանի սանմաքրման աշխատանքների իրականացման ծառայությունը մատուցելու համար: Ինչ մնում է հնչեցված գնահատականներին, ես գնահատական չեմ հնչեցնի: «Սանիտեկը» գործում ու իր ծառայությունն է մատուցում Երևանին: Ինչ վերաբերում է կենցաղային վեճերին ու ձեր նշած մահվան դեպքին, իրավապահները պետք է գնահատականներ տան»:

Այն փաստին, որ այս հարցով քրեական գործ է հարուցվել, քաղաքապետն արձագանքեց. «Ես գնահատականներ չեմ տալիս, գնահատականները կտան իրավապահները, իսկ «Սանիտեկը» միջազգային ընկերություն է, իր ծառայություններն է մատուցում: Մենք մեր գնահատականներն իր աշխատանքի վերաբերյալ ամեն տարեվերջ տալիս ենք»:

Այն հիշեցմանը, թե բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում աղբի հոտի, աղմուկի հետ կապված, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մասնավոր ընկերություն է, մասնավոր տարածքի մասին է խոսքը: Մենք որպես քաղաքային իշխանություններ` հորդորել ենք, որ հոտն ու աղմուկը վերացնեն, որ բնակիչներին անհարմարավետություն չստեղծեն: Ինչ մնում է այդ գործարքին, ապա այն երկու մասնավոր ընկերությունների և սեփականատերերի միջև է կնքված: Դա ոչ պետության, ոչ համայնքի միջև կնքված չէ, մենք այստեղ անելիք չունենք»:

Հարցին «Սանիտեկը» աղբահանությունը լա՞վ է կատարում, քանի որ Երևանի տարբեր վարչական շրջաններում աղբի կույտեր են, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք նաև մեր բնակիչներին պետք է հորդորենք, որ աղբը սահմանված վայրում թափեն: Ըստ գրաֆիկի`«Սանիտեկը» մաքրման աշխատանքներ իրականացնում է: Եթե թերանում են, ըստ պայմանագրի`մենք ունենք այն լծակները, որ կկարողանանք նրանց կարգի հրավիրել, որպեսզի իրենց ծառայությունը նորմալ կատարեն: «Սանիտեկն» իր պայմանագրում նաև հստակ ունի այն կետերը, որ այն հատկացված վայրերից պետք է աղբահանությունն իրականացվի, ոչ թե ով, որտեղ ուզի, աղբ թափի, «Սանիտեկն» էլ հետևից հավաքի: Դրա համար մենք մեզնից պետք է սկսենք ու քննադատենք մյուսներին, թե ինչու են ոչ սահմանված վայրերում աղբ թափում»:

Տրանսպորտի ուղեվարձի հավանական թանկացման մասին հարցին ի պատասխան` Տարոն Մարգարյանը հորդորեց ուշադիր լսել ու հավատալ ոլորտի պատասխանատուների հայտարարություններին:

Հարցին` քաղաքապետն ի՞նչ դիրքորոշում ունի «Ելք» խմբակցության առաջարկին հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուններով երևանյան փողոցներն անվանափոխել. Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք մեր պատմությունը պետք է չջնջենք ու շարունակենք: Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքի նախաձեռնությանը, նախաձեռնությունը կլինի, ՀՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը կհայտնի»:

Գիշերային ժամերին հրավառության մասին խոսելով` Տարոն Մարգարյանն ասաց. «Փաստ է, որ նման դեպքեր գրանցվում են, բայց ոչ թե օբյեկտատերերի կամ սեփականատերերի միջոցով, այլ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներից կամ սեփական հատվածների տարածքներից: Իսկ մեր ծառայության և ոստիկանության աշխատակիցները հնարավոր է տվյալ պահին այնտեղ չեն լինում, որ ֆիքսեն, թե որ քաղաքացին հրավառություն իրականացրեց: Ինչ վերաբերում է օբյեկտատերերին, մեր կողմից հսկողություն է սահմանվում, իրենք էլ օրենքը պահում են, խախտելու դեպքում մեր կողմից քայլեր են ձեռնարկվում: Բայց պիտի մշակույթ ձևավորենք, որ մեր բնակիչները չփորձեն խախտել օրենքը, քանի որ հիմնականում հրավառություններ են տեղի ունենում բակային տարածքներում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    «Մենք որպես քաղաքային իշխանություններ` հորդորել ենք, որ հոտն ու աղմուկը վերացնեն» – մեքենաները անընդհատ գնում-գալիս են, աղմուկը և հոտը ինչպես վերացնեն, երբ «Սանիտեկի» գարաժը գտնվում է բնակելի շենքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա:

    Ինչ է նշանակում «միջազգային կազմակերպություն է» – կրակն ենք ընկել? որտեղ եք տեսել, որ աղբատար մեքենաների գարաժը բնակելի շենքերի բակում լինի, էլ չեմ ասում, որ պատահում է աղբով բարձված մեքենան բերում են գարաժ, աղբը թափում գարաժի տարածքում

    Դուք Երևանի քաղաքապետն եք, թե Սանիտեկի?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031