2013 թվականին Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Այդ հատվածում շրջանցիկ ճանապարհի գործարկումը հրատապ խնդիր էր: Սույն ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճՇՇ-ն:
2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտվել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց նախատեսվածից մեկ տարի ուշ՝ 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվեց շուրջ 535 միլիոն դրամ:
Շրջանցիկ ճանապարհը կոչված է ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ լայնությամբ պատ: Այդ ճանապարհը 6 ոլորաններ ունի, ոլորաններում վարորդների տեսադաշտը նեղ է:
Վարորդները խուսափում են ոլորապտույտ այդ ճանապարհից, գերադասում են երթեւեկել սահմանամերձ տարածքով ձգվող հիմնական ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո սողանքից ասֆալտի ծածկում ճեղքեր առաջացան, որի պատճառով հետո քանդվեց անվտանգության առումով կարեւոր ճանապարհի մի հատված:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին 2016թ.-ին հարցրել ենք, թե ճանապարհի նախագծող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն նախագիծ կազմելիս ինչո՞ւ չի ուսումնասիրել տեղանքը ,որպեսզի բացահայտեր սողանքի վտանգը: Ա. Արշակյանն ասաց, որ գիտության ներկայիս մակարդակը թույլ չի տալիս սողանքի վտանգը բացահայտող նման կանխատեսումներ անել:
Այժմ «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն կատարում է 2 տարի առաջ գործարկված շրջանցիկ ավտոճանապարհի սողանքից քանդված հատվածի նորոգումը: Բանվորները քանդված հատվածի ներքեւի մասում խճաքարերից գամբիոններ են սարքում: Սողանքից քանդված ճանապարհի տակ , հողի շերտի մեջ հիմա երեւում են ծառի բներ, մինչդեռ անթույլատրելի է կառուցված ճանապարհի մեջ ծառերի առկայությունը:
«Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ընկերության տնօրեն Գագիկ Ադամյանը հայտնեց, որ պետական բյուջեից ճանապարհի նորոգման համար հատկացվելու է 25 կամ 26 միլիոն դրամ, ճանապարհաշինական ընկերությունը դեռեւս գումարը չի ստացել: Նա ասաց, որ ծրագրով նախատեսված է ճանապարհի վերանորոգումն ավարտել այս տարվա նոյեմբերին, սակայն հավանական է, որ նորոգումն ավելի շուտ կավարտեն: Նորոգման աշխատանքների պատճառով շրջանցիկ ավտոճանապարհը չի փակվել, այն երթեւեկելի է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ