Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կանդամակցի՞ ԵԱՏՄ-ին. PR ակցիա, թե՞ նոր սպառնալիք Հայաստանի համար

Օգոստոս 21,2017 19:01

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Թուրքիայի`ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունները քարոզչական բնույթ են կրում, ինչ-որ տեղ նաեւ ԵՄ-ի գործընկերներին խայթելու նպատակ ունեն:

Հիշեցնենք, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նաղայթ Զեյբեկչին օրերս հայտարարել է, որ Թուրքիան ծրագրավորում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագիր ստորագրել: Շուտով, այդ առիթով բանակցություններ կսկսվեն: Նկատենք, որ օգոստոսի 24-26-ը Աստանայում կայանալու է «Էքսպո- 2017» համաշխարհային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ժամանակ կայանալիք «Եվրասիական շաբաթ» ֆորումի ժամանակ քննարկվելու են նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին առեւտրային կապերին վերաբերվող հարցեր:

Թուրք նախարարը նկատել է, որ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի աճել է 30 տոկոսով: Նա նաեւ հայտարարել է, որ կան հաջող համագործակցություններ` նավթաքիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում, եւ, որ ՌԴ-ի հետ Թուրքիան գործընկերությանը նոր որակի է ձգտում: Թուրք նախարարն ասել է նաեւ, որ ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի համագործակցությունը ենթադրում է նաեւ ներդրումներ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյան Aravot.am-ի հետ զրույցում մինչ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին գնահատելը կամ դրա հետեւանքներին անդրադառնալը, հիշեցնում է`ԵԱՏՄ-ում  հարցերը լուծում են ստանում կոնսենսուսային տարբերակով. կառույցի անդամ բոլոր պետությունները պետք է «կողմ» քվեարկեն, որպեսզի միությունը նոր անդամ ունենա: Բացի դա, հայաստանցի պատգամավորը հայտարարում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Թուրքիան ընդհանուր սահման ունի միայն Հայաստանի հետ, որի սահմանը փակ է. «Թուրքիան շրջափակման է ենթարկել Հայաստանը`ԵԱՏՄ անդամ պետությանը, դեռեւս 1993 թվականից»:

Հիշեցնենք, սակայն, որ ԵԱՏՄ անդամ պետություն Հայաստանն ընդհանրապես որեւէ սահման չունի ԵԱՏՄ անդամ պետություններից եւ որեւէ մեկի հետ: Իսկ Թուրքիան, ՌԴ-ի հետ ծովային սահման ունի`Սեւ ծովով:

Շիրակ Թորոսյանն ընդգծում է նաեւ Արցախի հարցում Թուրքիայի կողմնակալ դիրքորոշումը, որը սկզբունքային է Հայաստանի համար ու նկատում. «Բազմաթիվ անհնարինություններ են առաջանում Թուրքիայի`ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ կապված: Այնպես, որ, դա Թուրքիայի կողմից ավելի շատ PR նպատակ հետապնդող հայտարարություն է, քան իրականություն: Դրանով, Թուրքիան, հավանաբար, ցանկանում է ճնշում գործադրել իր արեւմտյան դաշնակից երկրների վրա`նկատի ունենալով վերջին շրջանի այն խորը հակասությունները, որոնք առաջացել են Թուրքիայի եւ նրա արեւմտյան գործընկեր երկրների միջեւ»:

Aravot.am-ի դիտարկմանը`գուցե հայկական կողմը Թուրքիայի`ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում դիտարկի հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը կամ երկու երկրների միջեւ առկա մնացած խնդիրների հարթումը, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ գործը հասնելու է Թուրքիայի`ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Բայց եթե այդ հարցը սկսի լրջորեն քննարկվել, ապա, բնականաբար, առաջ կգան հետաքրքիր քննարկումներ, առաջարկներ, վերլուծություններ, գուցե նաեւ համաձայնություններ: Բայց այս պահին, իմ կարծիքով, դա Թուրքիայի կողմից PR ակցիա է»:

Հիշեցնենք, պաշտոնական Երեւանն այսօր նույնպես արձագանքել է թուրք նախարարի հայտարարությանը: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այդ առիթով ասել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: «Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031