Լոռու մարզի Ուռուտ համայնքի բնակիչները խնդրի առջեւ են կանգնել: Գյուղի բարձրադիր հատվածում ապրող գյուղացիներն ասում են, որ մի քանի ամիս է, ինչ ջուր չեն ստանում: Նրանց խոսքով, թաղամասում խնդիրը միշտ առկա է եղել, սակայն վերջին շրջանում իրավիճակն ավելի է վատացել:
– Մեր թաղամասում միշտ վատ ա եղել, բայց ոչ հիմիկվա նման: Հիմա ընդհանրապես ջուր չունենք: Գյուղի մի մասը 7-8 ժամով ջուր է ունենում, մի մասին էլ ընդհանրապես ջուր չեն տալիս: Գյուղապետի թաղամասում ջուր կա: Մենք հիմա խնդրում ենք իրան, որ իրենց ջրի վրա մի հատ վինտիլ դնի, որ գոնե մի օր մեզ ջուր գա, մի օր էլ՝ իրանց: Մենք բավարարված կլինենք, եթե մի օր գոնե 2 ժամ ջուր գա: Էս ընթացքում գյուղապետն էլ չարչարվեց, բայց դե էլի ջուր չկա,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակչուհի տիկին Նագիման:
65-ամյա կնոջ ընտանիքը բաղկացած է 6 անձից: Ամենօրյա կարիքները հոգալու համար ստիպված են լինում դույլերով ջուր բերել հարեւան թաղամասերից. «Ով տրանսպորտ ունի գնում է՝ վեդրոյով, բոչկով ջուր ա բերում՝ յոլա գնում: Էդ ջուրը մի 5 օր օգտագործում ենք: Էրեխեքը, թարմ ջուր չեն խմում, չենք կարում նորմալ լողացնենք: Անձամբ մենք, լվացքը մեր տանը չենք անում, կամ տղայիս հետ Երեւան ենք ուղարկում, կամ կողքի գյուղ՝ աղջկաս տուն, կամ էլ գյուղապետի թաղամասում տալս է ապրում՝ իրանց տուն, որ լվանան»:
Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ Վոլոդյա Նավասարդյանի ընտանիքը. «Ես սեփական ավտո ունեմ, 2-3 օրը մեկ գազ եմ ծախսում գնում եմ գյուղի ներքեւի մասից ավտոյով ջուր եմ բերում: Աղջիկս Լոռի Բերդում ա ամուսնացել, լվացքն էլ տանում եմ իրան եմ տալիս, որ լվանան»:
Համայնքի ղեկավար Սերգո Ջուլհակյանի խոսքով, այս պահի դրությամբ ջրամատակարարում է ապահովվում համայնքի ընդամենը 60 տոկոսի համար, մնացած 40 տոկոսը ջուր չի ստանում: Համայնքապետն ասում է, որ ջուր չլինելու պատճառներից մեկն էլ գյուղի բարձրադիր լինելն է: Ուռուտ համայնքը ծովի մակարդակից բարձր է 1450 մ:
-Արդեն 2 ամիս է, որ ջուր չկա: Ջրային տնտեսությունը փոխվեց «Վիոլա ջուր» դարձավ: Ջրամատակարարման ժամերը քչացրեցին: Էն ժամանակ քաղաքի հետ էր, հիմա առանձնացրել են, առանձին նասոս է դրված գյուղերին: Գյուղի 60 տոկոսն է օգտվում ջրից, 40 տոկոսը՝ ժամանակ առ ժամանակ: Մի մասը փակում ենք, որպեսզի բնակիչները ջրից օգտվեն: Ժամը 6-ից մինչեւ 12-ն են տալիս ջուրը: Ժամից ավել տեւում է մինչեւ գալիս գյուղ է հասնում ջուրը, մինչեւ ցանցը լցվում է, արդեն անջատելու ժամանակն է լինում: Կարող է ձմռանը էսքան քանակը ապահովի, բայց ամառվա շրջանում չի ապահովում ամբողջ գյուղին: Մեր գյուղի դիրքը բարձր է, եթե հարթ տարածության վրա լիներ, ջուրը միանգամից ցանց կլցվեր եւ բոլորին կբավարարեր: Այսինքն, հիմա հարթ տարածության վրա գտնվող տները ջուր ստանում են, իսկ բարձր տարածությունն արդեն չի հասցնում: Ովքեր էլ ջուր ունեն, անխիղճ ձեւով են օգտագործում: Մեկը այգին ա ջրում, մյուսը՝ մեքենան ա լվանում, մյուսն էլ անտարբեր ա, -պարզաբանում է Սերգո Ջուլհակյանը:
Համայնքապետն ասում է, որ բնակիչներն էլ ջրի վարձը չեն վճարում, դա էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում: Արդեն 2-րդ ամիսն է ինչ 1 անձի համար ջրի վարձավճարը 300 դրամից դարձել է 400 դրամ. «Ով ջուր չի ստանում, հասկացանք, որ չի մուծում: Բայց ստացողն էլ չի վճարում: Տանը 5 հոգի են ապրում, ասում ա՝ 3 հոգու համար հնարավորություն չունեմ, որ վճարեմ, էսքան փող ունեմ»:
Գյուղացիներն էլ վստահեցնում են՝ նորմալ ջրամատակարարում ապահովելու դեպքում, իրենք էլ վճարումները պարտաճանաչ կիրականացնեն. «Թող մեզ ջուր տան, հաշվիչներ դնեն, պարտաճանաչ մուծենք: Հիմա ջուրը չի գալիս, վճարում էլ չենք անում»:
Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ջրամատակարարումը վերականգնելու համար ամենօրյա աշխատանքներ են տարվում. «Խողովակներն ենք ձեւափոխում: Գերմանական մի ծրագիր էլ կա, եթե ընդգրկվենք դրա մեջ, բոլորը հաշվիչներ դնեն, արդեն ավտոմատ կերպով կանցնի իրենց: Չնայած «Վիոլա ջուրը» օգնում է աշխատանքներն անելիս, բայց մեզ վրա են թողել, իսկ մենք ի վիճակի չենք: Իրանք էլ են շահագրգռված, որ բնակիչները ջուր ունենան, բայց դեռ մենակ չարչարվում ենք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ