«Յուրաքանչյուր հեղափոխություն նախ սկսվում է փողոցների ազգայնացումից: 1918 թվականին՝ առաջին հանրապետության ժամանակ, սկսեցին փողոցներն ազգայնացնել, բոլշևիկները եկան, փոխեցին, հետո՝ 1991-ին եկան նոր իշխանությունները, նրանք էլ իրենց հերթին փոխեցին փողոցների անունները» ,- այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով անվանակոչված փողոցները անվանափոխելու վերաբերյալ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը։
«Ո՞վ գիտի՝ որտեղ է Տորբուխինի փողոցը Երևանում…Այդ մարդը ԽՍՀՄ մարշալ է եղել, մերոնք փողոցն անվանակոչել են նրա անունով, այսօր էլ շարունակում է էդպես մնալ։ Բայց Տորբուխինը բացարձակապես կապ չունի Հայաստանի հետ, երկիր էր, միասնություն, անցավ, այդ անունը պետք է փոխվի», – հավելեց Դավիթ Գասպարյանը։
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը հակառուսական է համարում, այն, ըստ նրա, կարող է ճեղք առաջացնել երկու ազգերի միջև. «Փողոցների անունները հիշողություն են. պատմությունն ինքը կմաքրի»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ շարունակեց. «Մենք ունենք տեղանունների, փողոցների անվանակոչման հանձնաժողով։ Այդ ամենը պետք է անցնի այս հանձնաժողովի ձեռամբ։ Պետք է ազգայնացնել, մաքրագործել, բայց ծայրահեղ բաներ չանել, ինքնուս, տնայնագործական բաներ չանել։ Չափանիշը պետք է լինի հետևյալը՝ գնահատել, թե ով ինչ ծառայություն է մատուցել ազգին և ոչ թե հաշվի առնել կուսակցականությունը. Մյասնիկյանի, Խանջյանի նման տղաները Հայաստան են ստեղծել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ