Իջեւանի Ենոքավան գյուղը, որտեղ 600-ից ավելի բնակիչ է ապրում, ոչ միայն արտագաղթ չունի, այլեւ մի բան էլ գյուղ են ներգաղթում Ֆրանսիայից, Իրանից, Երեւանից, Ռուսաստանից: Այս գյուղի թոռներ ու ծոռներ հանդիսացող մի քանի քաղաքացիներ, որոնք բնակվում են օտար երկրներում որոշել են գյուղը աշխարհին ճանաչելի դարձնել: Այսօր Ենոքավանը զբոսաշրջային քաղաք հանդիսացող Ջերմուկի կեսի չափ զբոսաշրջիկ է ընդունում, տարեկան 15 հազար այցելու ունի:
Գյուղից մի քանի կիլոմետր վերեւ գտնվում է էքստրեմալ հանգստի գոտին`
«Յելլ էքստրիմ պարկը», որտեղ կառուցվում է աշխարհի ամենաերկար զիփլայնը: Ինչպես ասաց «Յելլ էքստրիմ պարկ»-ի նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը այն ունենալու է 2770 մետր երկարություն:
Օգոստոսի 19-ին էքստրեմալ հանգստի գոտին նշեց իր ծննդյան 2-ամյակը։ Պարկի տարածքում համեմատաբար կարճ զիփլայն արդեն գործում է եւ Տիգրան Չիբուխչյանի համար բացահայտում է եղել, որ հայերն այդքան շատ սիրում են էքստրիմ:
Նրա խոսքով. «Մենք երկրում զիփլայնի շուկա ենք ստեղծել։ Հիմա այն կա ոչ միայն Ենոքավանում, այլեւ, այլ ընկերությունների ջանքերով Ծաղկաձորում, Պարզ լճում։ Մենք միայն ուրախ ենք դրա համար։ Այդ հարցում կա մեր ավանդը։ Ու ես անկեղծորեն ուրախ եմ, որ մյուսներն էլ են միացել այդ գործընթացին»։
Ինչպես Տիգրան Չիբուխչյանն է ասում` Ենոքավանի թոռ է, նախագծերից մեկն էլ իր պապենական Ենոքավանում «էթնո գյուղ» ստեղծելն է, որպեսզի այս կողմեր ոտք դրած զբոսաշրջիկը ծանոթանա գյուղի առօրյային, մասնակցի կավագործության, խալեգործության աշխատանքներին:
Գյուղի Ֆրանսիայում բնակվող գործարար-թոռներից մեկն էլ, որին նույնպես համոզել են Ենոքավան տեղափոխվել, գյուղում 17-20 տեղանոց հյուրանոց է կառուցում: Ինչպես Տիգրան Չիբուխչյանն ասաց, շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին: Հյուրանոցն էլ Ենոքավանի մի քանի ընտանիքների համար աշխատանքի խնդիր կլուծի: Բացի այդ, որոշ չափով կլուծի նաեւ զբոսաշրջիկին մատուցվող ծառայությունների հարցը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ