Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիան խոչընդոտում է երկրի զարգացմանը։
«Կուսակցական համակարգ չունեցող, արհեստական կուսակցություններով երկիրը չպետք է կառավարման խորհրդարանական համակարգի անցում կատարի։ Դա ճգնաժամի կհանգեցնի։ Ոչ մի հաջողություն չի լինի, քանի որ դա բնական չէ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Լեւոն Շիրինյանը։
Նրա կարծիքով, Հայաստանին խիստ անհրաժեշտ է սոցիալիստական շարժում եւ սոցիալիստական ընդդիմություն. «Իշխանության մարմիններում, շահերի իրականացման տեսանկյունից, ՀՀ աշխատավոր հատվածն ու մտավորականությունը ներկայացված չէ: Այդ իմաստով կոալիցիան խոչընդոտում է երկրի զարգացմանը. ՀՅԴ-ն կամ պետք է դառնա կառավարող լիարժեք կուսակցություն, պահպանողական կուսակցությունը վերադառնա ընդդիմադիր դաշտ, կամ հակառակը: Դրա համար հիմա երկրում կարգուկանոն չի հաստատվում: ՀՀԿ հետ թող լինեին լիբերալ, պահպանողական կուսակցություններ, բլոկը կլիներ սեփականատերերի կուսակցություն, դա շատ նորմալ կլիներ»:
Անդրադառնալով Արեւմուտքի կողմից ՌԴ նկատմամբ սանկցիաների կիրառմանը՝ քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանն Արեւմուտքի նկատմամբ 1/20 հարաբերակցության մեջ է՝ քայքայված տնտեսությամբ, գիտությամբ. «Հիմնականում միջուկային զենքն է ու խորհրդային տարիներից մնացած զինտեխնիկան: Ռուսաստանի անկումը մեզ համար ձեռնտու չէ, քանի որ դա կարող է խիստ ապակայունացնել տարածաշրջանը: Դրա համար մեզ պետականություն է պետք ու դաշնակիցներ: Դաշնակիցները գալիս են այն պետությանը օգնելու, որոնք պետություն ու արժեք են ներկայացնում, մնացած պարագայում՝ 1915թ. հիշեք՝ ոչ մեկն էլ չի օգնում, հետո սկսում են ցավակցական հեռագրեր ուղարկել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ