Օգոստոսի 23-ից ԱՄՆ-ը դադարեցնում է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումն ամբողջ Ռուսաստանի տարածքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը:
«Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը սահմանափակելուն ուղղված միջոցառումների հետ կապված՝ 2017թ. օգոստոսի 23-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը կդադարեցվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործընթացը կվերականգնվի սեպտեմբերի սկզբին, բայց միայն Մոսկվայում: Հյուպատոսարաններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը դադարեցվում է «անորոշ ժամանակով»: Սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացի դիվանագետների թիվը չի ավելանա, ասվում է հաղորդագրության մեջ:
Դեսպանատանը նշել են, որ արդեն գանձված հյուպատոսական գումարը հետ չի վերադարձվի: Ընդ որում, այդ գումարը հնարավոր չի լինի օգտագործելու Ռուսաստանի տարածքից դուրս ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում վիզայի տրամադրման հայց ներկայացնելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴԴՐԵԱՍՅԱՆԸ