Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, Մայր Աթոռի ավագ և կրտսեր միաբաններն ու տարբեր կառույցներում սպասավորող քահանաներն այցելեցին Հայոց Հովվապետին` շնորհավորելու բերկրալի առիթով և ստանալու նրա օրհնությունը:
Ողջ հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց բարեմաղթանքները բերելով Վեհափառ Հայրապետին` եկեղեցականները հայցեցին Երկնավոր Տիրոջ զորակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ս. Թադեոս առաքյալի Աթոռի արժանընտիր գահակալի համար, պարգևելու կենաց արևշատություն և արդյունազարդ հովվապետության բազում տարիներ` ազգօգուտ և եկեղեցանվեր նորանոր ծրագրերով առավել շենացնելու և պայծառացնելու հայոց կյանքը և առաքելահիմն Սուրբ Եկեղեցին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց ամենքին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար` հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերելով ներկաներին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ անցնող տարիներին եկեղեցականության ջանադիր և միասնական ծառայության շնորհիվ է Հայոց Եկեղեցին հոգևոր անդաստանում և տարբեր ասպարեզներում արձանագրել բազում հաջողություններ: Այս առիթով Նորին Սրբությունը հորդորեց հոգևորականաց դասին առավել նախանձախնդրությամբ և նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն և հավատավոր մեր ժողովրդին:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են բազմաթիվ շնորհավորագրեր Քույր Եկեղեցիներից, Հայ Եկեղեցու սպասավորներից, պետական, քաղաքական և հասարակական գործիչներից ու աշխարհասփյուռ տարբեր հայ համայնքներից:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի