«Այսօր հայկական ղեկավարությունը դեկլարատիվ հայտարարություններից պետք է ողջ հայկական բանակի ռազմական կարողությունների հարցում անցնի գործնական քայլերի: Սեղմ ժամկետներում բանակն ամբողջ հայ ժողովրդի համար պետք է դառնա ժամանակակից այն բաղադրիչը, որ կստիպի մեր թշնամուն հաշվի նստել ազատ, ինքնիշխան Արցախ պետության գոյության հետ եւ ճանաչել այն», «Առավոտ»- հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը:
«Ներկա պայմաններում, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ես չեմ գտնում, որ բանակցային գործընթացը կարող է բերել խնդրի լուծման, առավելեւս, երբ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը զրկված է որեւէ նախաձեռնությունից եւ գործնականում ոչինչ չի անում Արցախի միջազգային ճանաչման հարցում: Բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ: Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ նման քայլի գնալ: Հետեւաբար, խնդրի լուծումը մեր ձեռքերում է, դա մեր ուժեղ բանակի, մեր բարգավաճման եւ արտաքին ճնշումներին չենթարկվող իշխանության ձեռքերում է», նշեց ղարաբաղցի իրավապաշտպանը:
Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք օգոստոսի 22-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ